Եղե՛ք գիտակից եւ ակամա մի նպաստե՛ք թշնամու բարոյա-հոգեբանական տեղեկատվական տեռորին՝ դրանց երազանքի «քարտեզները» տարածելով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եղե՛ք գիտակից եւ ակամա մի նպաստե՛ք թշնամու բարոյա-հոգեբանական տեղեկատվական տեռորին՝ դրանց երազանքի «քարտեզները» տարածելով

Նոամ Չոմսկու կազմած «Իշխող շրջանակների կողմից ԶԼՄ-ների կիրառմամբ մարդկանց մանիպուլյացիայի հիմնական մեթոդները» 10 կետանոց հայտնի ցուցակի 4-րդ կետում (հղումը մեկնաբանության մեջ) նկարագրվում է այսպես կոչված «խնդիր-հակազդեցություն-լուծում» մոտեցումը, որի նպատակն է արհեստականորեն ստեղծել խնդիր, մտցնել այն հանրային օրակարգ, իսկ հետո առաջարկել դրա լուծման ուղիներ՝ արդյունքում կայացնելով նախապես հայտարարվածից շատ ավելի մեղմ եւ ընդունելի որոշումներ եւ դրանք հանրությանը հրամցնելով որպես «մեծ ձեռքբերում» եւ «դժվարին հաղթանակ»։

Թարմ օրինակ․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանեկան լրատվամիջոցում այսօր հրապարակված «ադրբեջանի 5 կետանոց պահանջների» ցուցակն ու դրան կից ադրբեջանական «քարտեզի» (որում Սյունիքն ու Վայոց Ձորն ամբողջությամբ, Սեւանա լճի արեւելյան եւ հարավային ափերը, Տավուշի ողջ արեւելյան հատվածն ու Արարատի մարզի հարավը ներկայացված են «ադրբեջանական») տարածումը, որին շատերը ակամա նպաստեցին, ըստ իս նպատակ ունի․

ա․ Հանրության լայն շրջանակների վրա ներազդել հիբրիդային պատերազմի կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող հոգեբանական-տեղեկատվական վհատեցուցիչ քարոզով, որպեսզի իշխող ռեժիմի բազմիցս հայտարարած 29800 քկմ ՀԽՍՀ տարածքով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հետագայում ներկայացվի որպես ձեռքբերում եւ չարյաց փոքրագույնի դժվար ու ցավալի, բայց անհրաժեշտ «ընտրություն»։

Ընդ որում՝ հիշատակված 5 կետանոց «փաստաթղթի» 3-րդ կետը՝ «Միջանցք Հայաստանի տարածքով», ամբողջովին անհեթեթ եւ անիմաստ է դառնում էդ պարագայում։

բ․ Նույն «փաստաթղթի» 4-րդ կետում նշված «1919-20թթ․ քարտեզների հիմքով» սահմանազատման եւ սահմանագծման հեռանկարն ընկալվի որպես անընդունելի բացարձակ չարիք, քանզի իրականում ներկայացված «քարտեզն» ընդամենը գեղարվեստական ժանրի պատկեր է, որը որեւէ իրավապայմանագրային հիմք չունի՝ առավել եւս միջազգային իրավունքին բավարարող։ Այդ այսպես կոչված «քարտեզը» սոսկ մուսավաթական ադրբեջանի 1-ին հանրապետության ներկայացրած առաջարկն է 1919թ․ Փարիզի խաղաղության վեհաժողովին, որն ամբողջությամբ մերժվել է։

Փոխարենը, նույն Փարիզի վեհաժողովի ընդունած եւ հաստատած 5 հիմնարար պայմանագրերից (Վերսալի, Նեյի, Սեն-Ժերմենի, Տրիանոնի եւ Սեւրի) ամենավերջինը՝ Սեւրինը, ինչպես նաեւ դրա հիմքով ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից կայացված Իրավարար վճիռն ու նույն վեհաժողովի շրջանակներում ստեղծված Ազգերի Լիգայի (ՄԱԿ-ի իրավանախորդ) համապատասխան զեկույց-որոշումները ՀՀ արեւելյան սահմանների մասով, մինչ օրս գործող ՄԻԱԿ եւ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ, միջազգային ամենաբարձր մակարդակով հաստատված իրավապայմանագրային հիմքն են, որով որոշվում են Հայաստանի հանրապետության սահմանները։

Ուստի, ռսաթրքական թշնամական տանդեմի եւ դրանց տեղական սպասարկուների պատրանքային «քարտեզները» տարածելու փոխարեն կարող եք տարածել Փարիզի վեհաժողովին ներկայացված Մեծ Հայաստանի նախագծի կից քարտեզը, որը նույնպես չի ընդունվել եւ փոխարինվել է սեւր-վիլսոնյան առավել համեստ, բայց ընդսմին կենսունակ Հայաստանի նախագծով։

Եղե՛ք գիտակից եւ ակամա մի նպաստե՛ք թշնամու բարոյա-հոգեբանական տեղեկատվական տեռորին՝ դրանց երազանքի «քարտեզները» տարածելով։

Տիգրան Ա. Կարապետյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր