Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից արձագանքել են Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գրառմանը, թե ադրբեջանական զինված ուժերը հոկտեմբերի 7-ի առավոտից Գեղարքունիքի հատվածում կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այսօր ինտենսիվ փոխհրաձգություն հիշյալ ուղղությամբ չի արձանագրվել, զոհեր ու վիրավորներ չկան: «Այս պահի դրությամբ փոխհրաձգություն չկա»,- ասաց Թորոսյանը:
Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի սահմանապահ դարձած բնակավայրերից Կուտականի բնակիչներն ահազանգեցին, որ թշնամին հոկտեմբերի 7-ի առավոտից՝ ժամը 9:00-ից մինչ այժմ որոշակի դադարներով, շարունակ հրաձգային զինատեսակներից կրակ է բացում տեղի հայկական դիրքերի ուղղությամբ: