Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Կարճ՝ Պրահյան արդյունքների մասին։
- Քառակողմ հայտարարությամբ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերահաստատումը փուչիկ է։ Ալմաթայի համաձայնագիրը նման հիմք չի հանդիսանում, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությամբ դա արդեն արվել էր ՄԱԿ մտնելիս, ինչը չի խանգարել Ադրբեջանին հարձակվել եւ գրավել Հայաստանի սուվերեն տարածքները։
- ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանում չի կանխելու Ադրբեջանի նոր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ։ Հրաժարվելով այդ առաքելության գործարկումից Ադրբեջանում՝ Ալիեւը պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տվյալ մեխանիզմի նկատմամբ։
- ԵՄ սահմանամերձ առաքելության մեխանիզմը Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձի առաջին ինստիտուցիոնալ քայլն է՝ հղի համապատասխան հետեւանքներով։
- Եզրափակիչ հայտարարության մեջ չկա ոչ մի խոսք Արցախի մասին, ինչը Նիկոլի վարվող քաղաքականության շրջանակում Արցախից քայլ առ քայլ հրաժարվելու պրոցեսի հերթական դավաճանական արարն է։
- Չկա ոչ մի խոսք ռազմագերիների անհապաղ ազատման, մշակութային ժառանգության պահպանման եւ այլ հումանիտար հարցերի մասին։
- Հայտարարության մեջ անգամ դեկլարատիվ կարգով մատնանշված չէ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման պահանջը, ինչը կրկին խոսում է Ադրբեջանի իրական մտադրությունների մասին։
- Պրահայից եկող նաեւ ֆոտո- եւ վիդեոլրահոսը ապացուցում է, որ ի դեմս Նիկոլի Հայաստանը միջազգային քաղաքականության մեջ կա եւ մնալու է եթիմի կարգավիճակում։
Հայ ժողովուրդը ունի ընդամենը մեկ ամիս՝ կանխելու սեփական գոյության տակ դրված ականի վերջնական պայթյունը»։