Պաշտպանության նախարարությունը զինվորական պատրաստություն անցնելու հնարավորություն կտա նաև կանանց։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` հավելելով, որ նման առաջարկ-նամակով Պն են դիմել բազմաթիվ կանայք:
«Արդեն ունենք մշակված ծրագիրը: Նախարարությունը շուտով հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության։ Մասնակցության համար անհրաժեշտ հագուստը, ժամաքանակը, ամեն ինչը կհստակեցվի»,– ասաց Պապիկյանը։
Ըստ նրա՝ ծառայության մասին սխալ պատկերացում կա հանրության շրջանում. ծառայությունը միայն մարտական հերթապահությունը չէ:
Վարչապետն էլ ավելացրեց, որ, եթե արական սեռի ներկայացուցիչների դեպքում պատրաստության ժամկետը 25 օր է, ապա կանանց դեպքում կարող է սահմանվել 15 կամ 7 օր:
«Բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն՝ դա իրականացնելու համար: Պետք են նաև համապատասխան ենթակառուցվածքներ: Ի վերջո, զենքին տիրապետելը ոչ մեկին վնաս չի տա. դա էլ գիտելիք է ու ավելորդ չէ ձեռք բերելը»,-ասաց Փաշինյանը: