Օրեր առաջ «Իրավունքն» անդրադարձել էր ֆոտոմոդել և երգիչ ՎԱՐԴԱՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ՝ Razboy-ին և նշել, որ նրա մայրը`տիկին Գայանեն, մեկնել էր Գերմանիա՝ բուժման նպատակով, սակայն վիճակն էլ ավելի էր վատթարացել, ինչի մասին որդին, դիմելով հանրությանն, ասել էր հետևյալը.
«Կյանքիս այս դժվարին պահին` ակնկալում եմ ձեր աջակցությունը, մայրս ծանր վիճակում գտնվում է Գերմանիայում, արել եմ ամեն հնարավոր բան նրան բուժման ուղարկելու համար: Ցավոք, կյանքը դաժան գտնվեց մեր հանդեպ և նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել, օգնեք ինձ լինել նրա կողքին այս դժվարին պահերին և իրականացնել նրա վերջին ցանկությունը: Այս պահին նրա վիճակն այնքան ծանր է, որ բժիշկներն այլևս թույլ չեն տալիս նստել ինքնաթիռ: Գումարային բոլոր միջոցներս սպառելու պատճառով ստիպված եղա հաշվեհամար բացել: Ուզում եմ նախապես շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կցանկանան աջակցել»:
Բայց, ավաղ, թեպետ վերոնշյալ հաղորդագրությունը լայնորեն տարածվեց սոցցանցերում և մամուլում, սակայն հրապարակված հաշվեհամարին գրեթե գումարներ այդպես էլ չհավաքվեց, իսկ ժամանակը կարճ էր… Այսօր երգիչը սոցցանցում հրապարակել է մայրիկի լուսանկարն ու գրել. «Մնաս բարով, մամ, իմ աշխարհ, իմ կյանքի գտնված երազ… Քո սիրտը կշարունակի զարկել իմ սրտում… Կյանքիս կանգառներում քեզ սպասելով մնացի՝ հանգչիր խաղաղությամբ… Մամ, մենք երբևէ մի օր կրկին կհանդիպենք…»: