TikTok-ը շուտով կարգելի մինչև 18 տարեկան օգտատերերի ուղիղ հեռարձակումը հարթակում։ Այս մասին հայտնում է PCMag-ը։ Գործող կանոնների համաձայն՝ 16 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է հեռարձակումը։
Բացի տարիքային շեմը բարձրացնելուց, TikTok-ը հեռարձակման կարգավորումներում կավելացնի նաև «Մեծահասակների» տարբերակը, որը թույլ կտա հեռարձակողներին հեռարձակել երեխաների համար չնախատեսված թեմաներ։ Սա չի նշանակում, որ կայքում կհայտնվի պոռնոգրաֆիկ բովանդակություն. նոր տարբերակի օգնությամբ TikTok-ը ցանկանում է երիտասարդ օգտատերերին տեղեկացնել, որ նրանք, ամենայն հավանականությամբ, դեռ պատրաստ չեն բլոգերների ընտրած թեմաների բովանդակությանը:
«Մենք հավատում ենք, որ նոր կանոններն ավելի կպաշտպանեն մեր հասարակության երիտասարդ անդամներին այն ժամանակ, երբ նրանք նոր են սկսում հաստատել իրենց առցանց ներկայությունը», – ասել են ընկերությունից:
Սոցիալական ցանցը նաև հայտարարել է, որ հեռարձակողները կարող են եթեր հրավիրել մինչև հինգ հյուր: TikTok-ը կունենա նաև բանալի բառերի զտիչ, որը բլոգերներին կզգուշացնի հեռարձակման վերնագրերում ոչ պատշաճ արտահայտություններ օգտագործելու մասին:
Սպասվում է, որ թվարկված բոլոր գործառույթները կսկսեն հայտնվել սոցցանցում 2022 թվականի նոյեմբերի 23-ից։