Apple-ն այսօր կթողարկի 10-րդ սերնդի iPad-ը և iPad Pro 2022-ը
Advertisement 1000 x 90

Apple-ն այսօր կթողարկի 10-րդ սերնդի iPad-ը և iPad Pro 2022-ը

Apple-ը նախատեսում է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, թողարկել iPad 10-ը և iPad Pro 2022-ը: Ըստ Bloomberg-ի խմբագիր Մարկ Գուրմանի՝ մամուլի ասուլիս չի լինի. նորույթների մասին կհայտարարվի մամուլի հաղորդագրության միջոցով:

Ի՞նչ է հայտնի iPad 10-ի մասին

Ըստ լուրերի և արտահոսած տեղեկությունների՝ iPad 10-ը զգալիորեն կտարբերվի իր նախորդներից, այդ թվում՝ դիզայնով, որը Apple-ի պլանշետների պարագայում 2017-ից ի վեր շատ չի փոխվել: Դեռ պլանշետի թողարկումից առաջ խանութներն սկսեցին վաճառել դրա պատյանները, իսկ դրանց ձևը հաստատում է, որ նոր iPad-ի դիզայնը տարբերվելու է նախորդներից։

iPad 10-ի էկրանի անկյունագիծը 10,5 դյույմ է, ընդորում՝ էկրանի շուրջ գտնվող շրջանակներն ավելի բարակ կլինեն։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք «Home» կոճակը կմնա պլանշետի վրա: Հավանաբար ոչ։

Ակնկալվում է, որ նոր պլանշետը կունենա Apple A14 Bionic մեկ չիպային համակարգ, իսկ Lightning պորտը կփոխարինվի USB-C-ով: Ակնկալվում է նաև, որ այն կունենա երկրորդ սերնդի Apple Pencil ստիլուսի և 5G ցանցի աջակցություն։

Ի՞նչ է հայտնի iPad Pro 2022-ի մասին

Ըստ լուրերի՝ iPad Pro-ի նոր շարքը կներառի 11 և 12,9 դյույմ անկյունագծով պլանշետների տարբերակներ։ Երկու պլանշետներն էլ, ամենայն հավանականությամբ, կստանան Apple M2 մեկ չիպային համակարգ, որը, նախորդ սերնդի սարքերի համեմատ, խոստանում է կատարողականի բարձրացում գրեթե 20%-ով։

Դժվար թե iPad Pro-ի դիզայնում շատ բան փոխվի, համենայն դեպս դրա մասին որևէ տեղեկություն չկա։ Ամենայն հավանականությամբ, արտաքուստ այն նման կլինի նախորդ սերունդներին՝ կունենա բարակ շրջանակներով մեծ էկրան:

Ակնկալվում է, որ 11 դյույմանոց iPad Pro-ն կունենա նախորդ սերունդներից մեզ ծանոթ հետին լուսավորությամբ Retina LCD էկրան, մինչդեռ 12,9 դյույմանոց iPad Pro-ը կունենա նոր Mini LED տեխնոլոգիա, որն ապահովում է 1600 քդ/մ2 առավելագույն պայծառություն և 1,000,000:1 կոնտրաստ։

tech.news.am