Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում առանձնացրել է «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Ստեփան Սաֆարյանը պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանին» նյութից մի հատված:
«Երբ քաղաքական հետագա քայլերի ու ուղեգծի մասին պատկերացումների տարբերություններ են նշմարվել, որոնք մեկանգամյա դրսևորում չեն եղել, այլ տեսանելիորեն՝ երկարատև միտումով, բնականաբար ամեն մեկս շարունակել ենք անել այն և այնքան, որքան պոտենցիալ, աշխատասիրություն ու իմացություն բնությունն ու Արարիչը դրել են մեր մեջ: Այնպես որ, ես իմ գործընկերներին ու Րաֆֆի Հովհաննիսյանին միշտ բարին ու լավն եմ ցանկանալու ու հաջողություն եմ մաղթելու իր բոլոր նախաձեռնություններում, թե՛ դժվարին, թե՛ լավ ժամանակներում»:
«Դա չի խանգարել ու խանգարելու միմյանց հիշել ու վերաբերել (գոնե իմ կողմից) հարգանքով, ջերմությամբ ու երախտագիտությամբ, որ ես այդ թիմին ու բոլորին շատ էական բան եմ տվել ու նաև շատ էական բան ստացել բոլորից: Բարեբախտաբար, թե՛ ես, թե՛ Անահիտը առանձնապես այլ մոտիվացիա չունենք, քան մեր նախկին՝ ինքնիշխան Հայաստանի եվրոպական և ժողովրդավարական հեռանկարի մոտեցմանն ուղղված քաղաքական գծի շարունակումը և այդ գործում մեր ներուժի իրացումը»,-ասաց Ստեփան Սաֆարյանը: