Առաջին սերնդի փակ տուփով iPhone-ն աճուրդում վաճառվել է մոտ 40,000 դոլարով
Advertisement 1000 x 90

Առաջին սերնդի փակ տուփով iPhone-ն աճուրդում վաճառվել է մոտ 40,000 դոլարով

LCG (London Capital Group) Auctions 2022-ի աշնանային աճուրդում 39,339,60 դոլարով վաճառվել է առաջին սերնդի iPhone՝ փակ տուփով։ Սա 25%-ով ավելի է, քան աճուրդի կազմակերպիչները ակնկալում էին:

Սարքի մեկնարկային գինը եղել է 2500 դոլար, կազմակերպիչները հույս են ունեցել դրա դիմաց ստանալ 30 000 դոլար։ 2022 թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 16-ը տևած աճուրդի ընթացքում ներկայացվել է 28 հայտ, իսկ վերջնական հայտը կազմել է մոտ 40,000 ԱՄՆ դոլար։

Սթիվ Ջոբսն այս սարքը ներկայացրել է 2007 թ․ հունվարի 9-ին Սան Ֆրանցիսկոյի MacWorld առևտրային ցուցահանդեսի ժամանակ, իսկ հունիսի 29-ին սմարթֆոնը շուկա մտավ 499/599 դոլար գնով։ Այն ուներ սենսորային էկրան, 4/8 ԳԲ հիշողություն, 2 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ, վեբ բրաուզեր։ Տուփի վրա սմարթֆոնը պատկերված էր իրական չափով՝ էկրանին 12 պատկերակով։ iPhone-ը շատ արագ դարձավ Apple-ի ամենահաջող արտադրանքը և ընդմիշտ փոխեց սմարթֆոնների ինդուստրիան: 2007 թ․ Time ամսագիրն այն անվանել է «Տարվա գյուտ»։

Աճուրդի հանված այս iPhone-ը թողարկվել է 2007 թ․, բայց երբեք չի ակտիվացվել: Պահպանված է բնօրինակ փաթեթավորումը պոլիէթիլենով և գործարանային կնիքով: Շտրիխ կոդերը և տուփի վրա առկա այլ տեղեկությունները նույնպես հիանալի պահպանված են։ Աճուրդի կազմակերպիչներն այս լոտն անվանել են իսկական գտածո կոլեկցիոներների և ներդրողների համար։

tech.news.am