Խնդրահարույց համարելով ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները՝ «Ֆեյսբուք»-ը իր հարթակում նոյեմբերի 1-ից սահմանափակել է դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ հարթակը խնդիրներ է տեսել ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները վերահսկելու գործում:
«Հարթակը չի ուզում պատասխանատվություն կրել ֆիզիկական անձանց համար: Եթե դրամահավաքն իրականացնում է կազմակերպությունը, ապա ինչ-որ չափով «Ֆեյսբուք»-ը հրաժարվում է պատասխանատվությունից՝ այն թողնելով կազմակերպության վրա: Այս միջոցով վերահսկումն ավելի լավ է ստացվելու»,- նշեց Մարտիրոսյանը:
Հայաստանում «Ֆեյսբուք»-ի հարթակում դրամահավաքներ են իրականացվում հիմնականում բարեգործական, առողջապահական և ռազմական նպատակներով: Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանը դրամահավաքներ իրականացնելու այլ հարթակներ ունի, սակայն դրանք հանրությանն ավելի հասանելի դարձնելու ու զարգացնելու կարիք կա:
««Ֆեյսբուք»-ի հնարավորություններն ունեցող այլընտրանքային հարթակ այս պահին չկա: Բայց ամեն դեպքում պետք է մտածել սեփական հարթակների զարգացման մասին»,- ասաց Մարտիրոսյանը:
«Ֆեյսբուք»-ի հարթակում մի քանի խոշոր դրամահավաք կազմակերպած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծում է՝ ֆեյսբուքյան դրամահավաքները հատկապես մեծ թափ ստացան 44-օրյա պատերազմից հետո: Հարթակը հարմար էր արագ դրամահավաք կազմակերպելու համար:
«Դեռևս 2020 թվականի մարտից՝ նախքան Արցախյան վերջին պատերազմը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։ Դրա համար հարթակում դրամահավաք կազմակերպեցինք: Երկրորդ դրամահավաքը Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով էր: Հետագայում ավելի փոքր ծավալի դրամահավաքներ ենք կազմակերպել»,- պատմեց նա: