Քաթարում աշխարհի գավաթը դիտել ցանկացողները պետք է սմարթֆոններում ներբեռնեն «լրտեսող ծրագրեր»
Advertisement 1000 x 90

Քաթարում աշխարհի գավաթը դիտել ցանկացողները պետք է սմարթֆոններում ներբեռնեն «լրտեսող ծրագրեր»

2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Քաթարում՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Քաթարը կդառնա Արաբական աշխարհում առաջին երկրը, որտեղ անցկացվելու է Աշխարհի գավաթի առաջնությունը։ Նախատեսվում է, որ մեկ ամսում այստեղ են ժամանելու հազարավոր երկրպագուներ։ Սահմանը հատելու հետ կապված խնդիրներ չկան, սակայն հյուրընկալող կողմի սրտացավությունն ու հյուրընկալությունը ամբողջանում է տեղի իշխանությունների բավականին տարօրինակ պահանջով․ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են երկիր մուտք գործել պատրավոր են իրենց սմարթֆոններում վերբեռնել երկու հավելված՝ Ehteraz և Hayya անուններով, որոնք անվճար ներբեռնման համար հասանելի են iOS-ի և Android-ի համար։

Նորվեգական NRK մեդիահարթակ կիբերանվտանգության փորձագետները, ուսումնասիրելով հավելվածները, նշում են, որ դրանցից յուրաքանչյուրն ունի բոլոր հիմքերը որպես «լրտեսող ծրագրեր» դիտարկվելու համար։

Ehteraz հավելվածը վերահսկվում է Քաթարի առողջապահության նախարարության կողմից և ըստ պաշտոնական տեղեկատվության նախատեսված է COVID-19-ի տարածումը կանխելու համար։ Hayya-ն Աշխարհի գավաթի պաշտոնական հավելվածն է և նախատեսված է տոմսերի ժամանակացույցերին հետևելու, ինչպես նաև մետրո անվճար մուտք գործելու համար։

Սակայն փորձագետները խիստ մտահոգված են օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խնդրով։ Պարզվում է, որ հավելվածները օգտատիրոջ համաձայնությամբ կարող են տեղեկատվություն հավաքել նրա գտնվելու ճշգրիտ վայրի մասին, հասանելիություն ստանալ հեռախոսի ցանցային միացումներին, ընդ որում՝ նաև սարքի քնի ռեժիմի անցնելուց հետո, հեռախոսի միջոցով ուղիղ զանգեր կատարել և այլն։

Հավելվածները կունենան գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ կարդալու և կիսելու սարքի հիշողության մեջ պահվող ամբողջ տեղեկատվությունը։ Ըստ փորձագետների, այս ամենը նման է անծանոթին սեփական տան բանալիները տալուն, երբ նրանից բանավոր խոստում եք ստացել, որ նա չի մտնի Ձեր տուն։

Հնարավոր է, որ Քաթարի իշխանությունները այս ամենը նախաձեռնել են հազարավոր հանդիսատեսների անվտանգությունը ապահովելու նպատակով, սակայն տվյալներին անսահմանափակ հասանելիություն ստանալու հնարավորությունը շատերին կարող է ստիպել սմարթֆոնները թողնել տանը և առանց դրանց վայելել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Հրապարակման պատրաստեց ita.am



Նման նյութեր