«Վերջին 10-15 տարիների ընթացքում մենք անընդհատ հողատարածքների օգտագործման կրճատում ենք ունեցել»
Advertisement 1000 x 90

«Վերջին 10-15 տարիների ընթացքում մենք անընդհատ հողատարածքների օգտագործման կրճատում ենք ունեցել»

ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի մարզերի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին մասնակի փոխհատուցում կտրամադրվի աշնանացան ցորենի մշակության ծախսերի համար:

1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120․0 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70․0 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը՝ պայմանավորված հիմնականում մշակության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների (սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք և այլն) ձեռքբերման գների աճով։ Հաշվարկը կատարվել է հեկտարի հաշվով 300 կգ սերմացուի, 250 կգ ազոտական պարարտանյութի և շուրջ 70լ դիզելային վառելանյութի չափաքանակներով:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ պետությունն ընդհանրապես սերմացուների ներկրման հարցերով չպետք է զբաղվի: Դա պետք է իրականացնի մասնավորը:

«Պետությունը շատ կարևոր խնդիր ունի լուծելու և այն տեղական սերմնաբուծության զարգացումն է: Ժամանակին ծրագրեր մշակեցինք, առաջին քայլերն արեցինք, ցավոք, հետագայում դրանք շարունակություն չունեցան: Ծրագրերի նպատակն էր՝ զարգացնել տեղական արտադրության սերմնաբուծությունը: Կօգտագործվեին տեղի հողատարածքները, աշխատատեղեր կստեղծվեին, իսկ սերմացուն շատ ավելի մատչելի գներով կմատակարարվեր հողօգտագործողներին և դրսից էլ շատ մեծ կախվածություն չէինք ունենա, իսկ հիմա կրկնակի բարձր գնով սերմացու է ներկրվում, որը, իհարկե, հասանելի չէ շատերին: Արդյունքում՝ գյուղացիների զգալի մասը նախընտրում է իր ունեցած, ձեռքի տակ եղած չհավաստագրված սերմացուներն օգտագործել, քան մեծ գումարներ վճարել սերմացուների ձեռքբերման համար»,- մեզ հետ զրույցում ասաց Գառնիկ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը լավն է, լուրջ աջակցություն է, միևնույն ժամանակ լրացրեց միտքը՝ շեշտելով.

«Ծրագիրը հաջողություն կունենա, եթե իրականացման ճիշտ մեխանիզմներ մշակեն և ճիշտ մասնագիտական օգնություն ցուցաբերվի գյուղացուն: Դա ցանքատարածությունների էական ավելացման հնարավորություն կտա: Վերջին 10-15 տարիների ընթացքում մենք անընդհատ հողատարածքների օգտագործման կրճատում ենք ունեցել, մակարդակի ցածրացում և հիմա աշնանացան ցորենի ցանքատարածությունները գրեթե 2.5 անգամ կրճատվել են 2000-ական թվականների համեմատությամբ, իսկ սա պարենային անվտանգության լուրջ խնդիր է: Մեզ հացահատիկի  հիմնական մատակարարը Ռուսաստանն է, իսկ հիմա այս քաղաքական վայրիվերումների պայմաններում չգիտենք, թե վաղն ինչպիսին կլինեն մեր հարաբերությունները դաշնակիցների հետ»,- հավելեց Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը:

Ինչ վերաբերում է շատ հողերի, պարզապես, չօգտագործելուն՝ Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ չեն օգտագործում, քանի որ եկամտաբերությունը ցածր է, իսկ այս ծրագիրն այդ ցածր եկամտաբերության հաղթահարմանն է ուղղված: Աջակցություն է, որպեսզի գյուղացին կարողանա որոշակի աջակցություն ստանալ հողից:

Հավելենք, որ 2022 թվականին ծրագրով նախատեսվում է տրամադրել փոխհատուցում 27,500 հեկտար հողատարածքում աշնանացան ցորենի ցանք կատարելու համար, մասնավորապես՝ 10,000 հեկտար հավաստագրված սերմերով ցանքի դիմաց՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, իսկ չհավաստագրված սերմերով 17,500 հեկտար ցանքի դիմաց՝ 1,225,000,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ փոխհատուցման գումարը 2022 թվականին կկազմի 2,425,000,000 ՀՀ դրամ։ Միաժամանակ ծրագրով նախատեսված է մոնիտորինգի իրականացման համար համայնքներին տրամադրել մինչև 5000 հա-ի մոնիտորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելիի դեպքում՝ փոխհատուցված գումարի 5%-ի չափով, որի համար 2022 թվականին ըստ կանխատեսումների կպահանջվի 72,750,000 ՀՀ դրամ։ Ընդհանուր առմամբ ծրագրի բյուջեն 2022 թվականին կկազմի 2,497,750,000 ՀՀ դրամ։ Նախագծով առաջարկվում է Ծրագրի համար 2022 թվականի պետական բյուջեով անհրաժեշտ 2,497,750,000 ՀՀ դրամը հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մի շարք միջոցառումներից վերաբաշխման միջոցով:

Անի Կարապետյան