Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղը բնակիչների թվով այնքան էլ շատ չէ, եւ գյուղացիները մեկը մյուսին գրեթե լավ են ճանաչում: Այն, ինչ կատարվել է այսօր Պեմզաշենում, ցնցել է նրանց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չեն արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի է հայտնաբերվել՝ 31-ամյա Զ․ Մ-ի և նրա 12-ամյա դստեր ու 8-ամյա տղայի դիերը: Կնոջը սպանել են, երկու անչափահաս երեխաներին նույնպես։ Գյուղացիների ասելով՝ տան տղամարդը գտնվում է ՌԴ-ում․ մեկնել է արտագնա աշխատանքի, իսկ կինը՝ Զարինեն, որպես օպերատոր աշխատում էր Պեմզաշենի առողջության կենտրոնում։ Դպրոցից տեղեկացրեցին, որ այսօր երեխաները դասի չեն հաճախել, մայրն էլ աշխատանքի չի գնացել։
Ականատեսների խոսքով՝ տեսածը բառերով նկարագրել հնարավոր չէր։ «Ավետիսյաններն եկան աչքիս առաջ, երկու երեխուն՝ մոր հետ անխնա սպանել, չգիտեմ սա ինչ էր, ամուսնուն ենք խաբար արել, որ շտապ գա, գալիս է․․․․»,-արտասվախառն ասում է պեմզաշենցի մեր զրուցակիցը’ կատարվածը համեմատելով Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հետ։
ՇՄ դատախազ Գուրգեն Գրիգորյանից տեղեկացանք, որ իր հանձնարարությամբ նախաձեռնվել է վարույթ ՀՀ ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանությունը)։ Այս պահին քննվում են բոլոր վարկածները, կասկածյալ դեռևս չկա Դիերը, ըստ դատախազի, հայտնաբերվել են տան ննջասենյակում։
Մինչ իրավապահներն իրենց գործն են անում, գյուղում տարատեսակ խոսակցություններ են պտտվում ։Հիմա վախը բոլորի սրտում է։ Քանի դեռ հանցագործության դրդապատճառն ու մեղավորը հայտնաբերված չէ, շիրակցիները սեփական վարկածներն են առաջ քաշում ։
«Հիմի դուռ-լուսամուտ կողպած պիտի ապրենք, լրիվ թուրքի ձեռագիր է, ախր, ով պիտի մտներ էս խախանդ գյուղն ու սենց բան աներ, որ մարդ խաբար էլ չեղներ, ինչ եղել է կամ գիշերն է եղել, կամ լուսադեմ, թե չէ ցերեկով լինող բան չէր»,-ասում են նրանք։
Գյուղացիները քիչ հավանական են համարում ընտանիքի հանդեպ որևէ մեկի անձնական թշնամանքը, ինչը թեև չի բացառվում։ «Հանգիստ, սովորական իրենց կյանքով ապրում էին, եսիմ․․․․»,-ասացին նրանք։