Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մ.֊ի և նրա երկու անչափահաս զավակների՝ 12֊ամյա դստեր և 8֊ամյա որդու դաժան սպանությունը դեռևս չբացահայտված է․ իրավապահները գիշեր-ցերեկ աշխատում են այդ ուղղությամբ։ Ու քանի դեռ կասկածյալ չկա, սպանության շարժառիթի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Տարածված վարկածներից մեկը սահմանախախտման մասին է, կան որոշակի պնդումներ, որ այդպիսի դեպք հաստատ գրանցվել է հայ-թուրքական սահմանի այն հատվածում, որտեղ փշալարեր անգամ չկան, նույնիսկ որոշ ժամանակ առաջ սահմանը հատել ու տրակտոր էին գողացել։ Նման վարկած շրջանառողները թշնամական հետք են տեսնում այս սպանության մեջ։
Կան ենթադրություններ, որ հանցագործություն կատարողը կարող է լինել այս ընտանիքին ծանոթ մարդկանցից մեկը, որն իմանալով, որ ամուսինը խոպանում է և հնարավոր է գումար ուղարկած լինի, անարգել մտել է տուն՝ փողի ակնկալիքով ու գնացել է այդ անմարդկային քայլին։
Սակայն, այս վարկածը կարծես հերքվում է, ըստ նախնական տեղեկությունների, տանից ոչինչ գողացված չէ, անգամ պահարանի դարակները տեղաշարժված չեն, նույնիսկ սպանված կնոջ ոսկյա ականջօղերը չեն հանել։
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ էլ, մի նոր վարկած ևս ուսումնասիրվում է․ իրավապահները բարեկամական կապ են գտել Գյումրիում վերջերս սպանված մանկապարտեզի 60-ամյա հավաքարար կնոջ և պեմզաշենցի այս ընտանիքի հոր ազգականներից մեկի միջև։
Երկու դեպքում էլ կարծես հանցագործության նույն ձեռագիրը լինի․ 60-ամյա կնոջ դեպքում էլ պարանոցն էին կտրել։ Այս դեպքը ևս դեռ չբացահայտված է, այն տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին։
Կասկածում են՝ գուցե ինչ-որ մեկը վրեժ է լուծո՞ւմ։
Իհարկե, սա ևս քննության է առնվում, ճշտվում իրավապահների կողմից։
Սպանված երիտասարդ կինը՝ Զարինեն, ըստ նրան ճանաչողների, մեծացել է մանկավարժի ընտանիքում, նա Գուսանագյուղից է, հարս է եկել Պեմզաշեն։ Նրա ծնողները լուրջ, յուրահատուկ մարդիկ են, նույնքան հավասարակշիռ անձ է եղել նաև նա։ Սպանված կնոջ հայրը երկար տարիներ եղել է Գուսանագյուղի դպրոցի տնօրենը, նա ֆիզիկա-մաթեմատիկայի ուսուցիչ է։