Նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Դավիթ Ղազարյանը Հաղթանակ թաղամասում ծառայություն կատարելիս են եղել, երբ պարեկներին է մոտեցել Երևանի բնակիչ Ռոբերտ Զախարյանը, ով վարելիս է եղել Kia մակնիշի ավտոմեքենա և հայտնել է, որ իր հղի կինը ցավեր ունի և հնարավոր է՝ ծննդաբերում է և պետք է շտապ կնոջը հասցնեն մոտակա ծննդատներից մեկը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ուղեկցում են ամուսիններին մինչև «Շենգավիթ» ԲԿ-ի ծննդատունը, ապա ամուսնու հետ հղի կնոջը տեղափոխում են ծննդատուն։
Շնորհիվ Շենգավիթի ծննդատան բուժանձնակազմի՝ 15 րոպե անց ամուսինը բժիշկներից տեղեկանում է, որ կինը՝ Սիրանույշը, տղա է ունեցել։