Ռուսաստանում բլոգերները առցանց գովազդն ու մյուս ինտեգրացիաները պարտավոր են լինելու հատուկ կերպով մակնշել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Բանն այն է, որ այդ երկրում տեղի են ունեցել գովազդին վերաբերող օրենսդրական փոփոխություններ։ Այսպես կոչված «գովազդային խաղի կանոնները» բավականին խստացվել են եւ հիմա բլոգերներն էլ ստիպված են հետեւելու նոր կանոններին։ Իսկ ինչ են ասում այդ նոր կանոնները։
Եթե բլոգերն իր ալիքում գովազդ է տեղադրում, նա միանգամից ճանաչվելու է գովազդ տարածող։ Եւ որպես գովազդ տարածող, պարտավորված է լինելու անհապաղ կերպով որոշակի տեղեկություններ տրամադրել Գովազդային տվյալների օպերատորին։ Գովազդային տվյալների օպերատորն իր հերթին տրամադրելու է հատուկ «տոկեն» բլոգերին, որից հետո էլ նա կարողանալու է տեղադրել գովազդն ու այն տարածել, այսինքն՝ հեռարձակել, հանրայնացնել։ Գովազդային տվյալների օպերատորի հետ բլոգերները կարող են շփվել ինչպես ուղղակիորեն, այնպես էլ գովազդային գործակալությունների միջոցով։ Ընդ որում, գովազդի յուրաքանչյուր տեսակը ունենալու է իրեն հատուկ մակնշումը։