Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մկրտչյանն ու Սլավա Մալխասյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։ Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի մասից համարանիշը հանել էին։