Արդարադատության գեներալ-մայոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը շարունակում է խորհրդարանական ընտրություններից առաջ սկսած գործողությունների ակտիվ փուլը:
NewsBook-ի տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանն օրեր առաջ Մոնումենտի և Քանաքեռ-Զեյթունի մեծ թվով երիտասարդների հավաքել է «Ֆլորենս» ռեստորանում ու ճոխ ընթրիք կազմակերպել: Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնք պարտավորվել են խորհրդարանական ընտրություններին նշված տարածքներում «աշխատել» իր համար: Միհրան Պողոսյանը, սակայն, այսքանով չի սահմանափակվում:
Նա զուգահեռ նաև այլ ակտիվ «միջոցառումներ» է իրականացնում: Մեր տեղեկություններով՝ նա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մի շարք բնակարաններ է առանձնացրել: «Քեթրինի» Միհրանը մարզերից մարդիկ է բերել և գրանցում է այդ բնակարաններում, որ նրանք ընտրություններին իրեն ձայն տան: Նշենք, որ օֆշորային հայտնի հրապարակումների հիման վրա իր դեմ հարուցված քրեական գործը կարճելուց հետո Միհրան Պողոսյանի գործողությունների մասին NewsBook-ն ավելի վաղ կրկին անդրադարձել էր:
Հիշեցնենք, որ իր ազդեցության տակ գտնվող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Միհրան Պողոսյանը հավաքել էր այդ մեծ թվով երիտասարդներին ու իր համար լավ աշխատելու դեպքում կլորիկ գումար խոստացել:
Նշենք նաև, որ ըստ տեղեկությունների՝ օֆշորային հայտնի սկանդալից ու ԴԱՀԿ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա ակտիվորեն բանակցել է իշխանությունների հետ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Միհրան Պողոսյանը պատրաստվում է առաջադրվել Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Բացի այդ, նրան պատկանող «Քեթրին» հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էր ՀՔԾ-ի կողմից քրգործը կարճելու մասին լուրը: Հավելենք նաև, որ համացանցում լուրեր էին տարածվել, թե Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մանկապարտեզներում դաստիարակները ծնողներին համոզում են, որ իրենց ձայնը տան Միհրան Պողոսյանին: