Հայկական Picsart ընկերությունը հայտարարել է, որ տեքստերից արհեստական բանականության միջոցով պատկերներ ստանալու AI Image Generator հավելվածի iOS տարբերակում օրական ավելի քան 1 միլիոն պատկեր է ստեղծվում։ Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ նախատեսում է ստեղծել հավելվածի Android-ի տարբերակը։
AI Image Generator-ը Picsart-ը գործարկել է այս տարվա նոյեմբերի սկզբին։ Այդ պահից ի վեր, հավելվածը միլիոնավոր մարդկանց տրամադրել է զվարճալի և անվճար ստեղծագործական փորձառություն։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը, պարզ տեքստային հուշումների հիման վրա, կարող են վայրկյանների ընթացքում բոլորովին նոր պատկերներ ստեղծել: Հավելվածը նաև հնարավորություն է տալիս արհեստական բանականությամբ ստեղծված պատկերները խմբագրել՝ օգտագործելով հազարավոր սթիքերներ, գործիքների, ֆիլտրեր, տառատեսակներ։
Ինչպես տեղեկացնում է businesswire.com-ը, գործարկումից ի վեր AI Image Generator-ի միջոցով ավելի քան 10 միլիոն պատկեր է ստեղծվել, որոնցից շատերն ավելացվել են Picsart-ի անվճար խմբագրման գրադարանում, որպեսզի ամբողջ համայնքը կարողանա օգտագործել դրանք։
«Մենք ոգևորված ենք, որ այս նոր գործառույթը այսքան կարճ ժամանակում այսպիսի մեծ արձագանք է ստացել,- ասել է Picsart-ի արտադրանքի գծով գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը,- Դա իսկապես ցույց է տալիս, թե որքան հեռու է Picsart-ը գնացել և որքան ներգրավված է մեր համայնքը: Նրանք իսկապես հետաքրքրված են իրենց ստեղծագործական գործունեության համար գեներատիվ արհեստական բանականություն օգտագործելու գաղափարով»:
Ընկերությունը AI Image Generator-ում նաև վերջերս ավելացրել է «ավտոմատ ընտրելու» հուշման հնարավորությունը, որի շնորհիվ ծրագրից օգտվողները կարող են սովորել, թե ինչպես կարելի է ծրագրին տալ տեքստային լավագույն հուշումներ, որոնք շատ լավ արդյունք կտան։
«Այս գործիքը լիովին փոխել է իմ ստեղծագործական գործընթացի հարցում իմ իսկ տեսակետը։ Ես սովորաբար հակված եմ ստեղծելու արվեստի նույն ոճը, և այժմ, երբ օգտագործում եմ Picsart-ի AI Image Generator-ը, ես սովորել և ընդլայնել իմ բառապաշարը արվեստի աշխարհում: Նախկինում, երբ դեռ չէի օգտագործում այս ֆունկցիան, ես երբեք չէի պատկերացնի, որ կստեղծեմ սթիմփանք, կիբեռփանք կամ ֆանտազիայի ժանրում մութ ֆոներով արվեստի թվային գործեր»,- ասել է Picsart-ի «Sarah & Rufus» անունով օգտատերը։
AI Image Generator-ը Android-ում կսկսի գործել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: AI Image Generator-ով ստեղծված պատկերների օրինակները կարելի է դիտել @ai_generated հասցեով։
Picsart-ը թվային աշխարհում ստեղծագործելու համար նախատեսված աշխարհի ամենամեծ հարթակն է և ամենաշատ ներբեռնվող 20 հավելվածներից մեկը: Ամեն ամիս Picsart-ում ստեղծվում և տարածվում են միլիարդավոր վիզուալ պատմություններ: Հավելվածը հասանելի է 30 լեզվով՝ անվճար, նաև բաժանորդագրությամբ՝ iOS, Android, Windows սարքերում: