MediaHub–ի տեղեկություններով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտե հաղորդում է ներկայացվել՝ իր կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առերեւույթ հանցագործություն կատարելու վերաբերյալ։
Հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ըստ հաղորդման՝ Սիմոնյանը հովանավորել է «Ընկերներ տրանս» ՍՊԸ ստվերային տնօրեն, Բոգո մականվամբ Ռուբեն Կոստանյանին եւ իրականացրել մի շարք ենթադրյալ չարաշահումներ։ ՏԿԵ փոխնախարարը, օրինակ, խոչընդոտել է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության մասնակցությունը՝ նախորդ տարի կայացած Արմավիրի տարածաշրջանի միասնական երթուղին սպասարկելու համար հայտարարված մրցույթին, անօրինական կարգով հանձնարարել է, որպեսզի ոստիկանությունը հիշյալ ընկերության ավտոմեքենաները տանի հատուկ պահպանվող տարածք եւ այլն։
Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHab-ին հայտնեցին, որ հաղորդման հիման վրա քրեակաան վարույթ է նախաձեռնվել։ Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ «Ընկերներ տրանս» ընկերությունը, ենթադրաբար հովանավորվելով ՏԿԵ փոխնախարարի կողմից, շարունակում է անօրինական ուղեւորափոխադրումներ իրականացնել՝ Արմավիր-Երեւան երթուղով։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականի հունիսի 8-ին ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու՝ Քաջիկ Գեւորգյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ի 84% բաժնետեր Էդգար Անտոնյանի կողմից։ Էդգար Անտոնյանը եւ Քաջիկ Գևորգյանն «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ում ունեցել են հավասարաչափ 50% բաժնեմաս։ Հուլիսի 28-ին Նահապետ Գեւորգյանի որդին դուրս է եկել ընկերությունից, նրան փոխարինել է Կենտրոնական ավտոկայանի հարակից տարածքում մի շարք ապօրինի շինություններ կառուցած Հովհաննես Սիմոնյանը։ Վերջինս քրեական գործերով անցնող Ռուբեն Կոստանյանի (հայտնի է Նորագյուղցի Բոգո անվամբ) մտերիմն է, իսկ Կոստանյանը Սամվել Ալեքսանյանի մտերիմն է՝ նախկին պատգամավորի՝ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) խնամին։ Հատկանշական է, որ ընկերության հիմնադրումից դեռեւս մեկ տարի առաջ՝ 2018-2019թթ․-ին ՊԵԿ-ը 3-4 անգամ ստուգումներ է իրականացրել, որի արդյունքում քրեական գործ է հարուցվել 30 վարորդի նկատմամբ։
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարության բաստիոն հայտարարված երկրում, քրեական օլիգարխիան անօրինական գործարքի մեջ է պետական կառույցների հետ։ «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պնդում է՝ ՏԿԵ փոխնախարարը ապօրինի գործարքի մեջ է օլիգարխիկ շրջանակների հետ։ Նրա խոսքով այս պահին էլ Բոգոյին պատկանող մեքենաներն անօրինական գծում անօրինական ուղեւորափոխադրումներ են անում։