Ռոբինը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և Կարինա Իգնատյանին։
«Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ մրցույթի հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է։
Ռոբինը նշում է, որ այս մրցույթի մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում. «Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ Եվրատեսիլի բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Եվ Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»։
Ռոբինը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել և տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, խաղալ նրանց հետ, հաղթահարել բուժման ծանր ընթացքը։ Այժմ հայկական ռոբոտի ծառայություններից օգտվում են ոչ միայն հայկական, այլև ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնները։
Ռոբինը հեղինակավոր TIME ամսագրի կողմից ճանաչվել է որպես 2021 թվականի աշխարհի լավագույն 100 նորարարություններից մեկը։