Փաշինյանը խոստանում է ապշեցուցիչ նորություններ՝ բանանի շուկայի մասին
Advertisement 1000 x 90

Փաշինյանը խոստանում է ապշեցուցիչ նորություններ՝ բանանի շուկայի մասին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ թվով երկրորդ հանդիպումն ունեցա ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ՝ բանանի շուկայում մեր համատեղ քննության շրջանակներում: Քննարկեցինք փետրվարի 2-ի իմ գրության մեջ հիշատակված հարցերը:

Հնարավորինս արագ կամփոփեմ հավաքված տեղեկատվությունը եւ կներկայացնեմ հանրությանը:

Սպասեք ապշեցուցիչ նորությունների»:

Պատգամավորը ս/թ փետրվարի 2-ին ՊԵԿ նախագահին ուղղված հետեւյալ գրությունն էր հրապարակել. «Պարոն Հարությունյան. Հաշվի առնելով, որ ս/թ հունվարի 23-ի հաղորդագրությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ինձ առաջարկել է բանանի (ադամաթուզ) հայաստանյան շուկայի վերաբերյալ համատեղ քննություն իրականացնել եւ ընդունել եմ առաջարկը, ներկայացնում եմ առաջին երկու հարցադրումները, որոնց շուրջ պատրաստ եմ ՊԵԿ-ի հետ համատեղ քննություն իրականացնել.

ա) 2016 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հաղորդագրություն է հայտնվել, որում, մասնավորապես, ասվում է. «ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու տնտեսվարողի փորձը, օրերս որոշ խնդիրների առաջ է կանգնեցրել վերջինիս: Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը»:

Հարց 1. Ովքե՞ր են հաղորդագրության մեջ հիշատակվող՝ բանանի ներկրումը խոչընդոտած անձինք:

Հարց 2. Ի՞նչ իրավական ընթացակարգեր են ձեռնարկվել նշված անձանց նկատմամբ:

Հարց 3. Դե յուրե ինչպիսի՞ որակում է տրվել նրանց արարքներին:

Հարց 4. Բանան ներկրած տնտեսվարողը ինչպիսի՞ կոնկրետ աջակցություն է ստացել ՊԵԿ-ից եւ ի՞նչ է նկատի առնվում «հաջողությամբ իրականացրել ներկրումը» արտահայտության ներքո:

բ) Ձեր կողմից ինձ տրամադրված փաստաթղթերով ՀՀ բանան ներկրող են հանդիսանում «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ն եւ «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն:

Հարց. Արդյո՞ք այս երկու ընկերությունները ունեն ընդհանուր սեփականատերեր կամ շուկայի բաժանման վերաբերյալ պայմանավորվածություններ (պայմանագրեր):

Թույլ տվեք եւս մեկ անգամ հաստատել այս հարցերի շուրջ ՊԵԿ-ի հետ համատեղ քննություն իրականացնելու իմ պատրաստակամությունը: Առաջադրված հարցերը սպառիչ չեն եւ առաջարկվում են համատեղ քննության մեկնարկի համար»:

Հենց այս գրության մեջ նշված հարցերն են քննարկել Փաշինյանն ու Հարությունյանը»:



Նման նյութեր