ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Այս մասին Tert.am–ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Սեդրակ Քոչարյանը պատճառված ոչ նյութական և նյութական վնասների բռնագանձման պահանջ է ներկայացրել։ Ըստ նրա՝ իր գույքի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի պարտադիրությունն անտեսելու հետևանքով խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, իսկ կալանքի միջնորդությունները տևական ժամանակ չքննարկվելու հետևանքով խախտվել է հայցվորի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը, քրեական գործով դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է իր իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, որոնք էլ բերել են սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը:
Սեդրակ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) պահանջում է հօգուտ իրեն որպես ոչ նյութական վնասի հատուցում բռնագանձել 2մլն դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 8 մլն դրամ։
Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) որպես պատճառված նյութական վնասի հատուցում Քոչարյանը պահանջում է բռնագանձել 3մլն 312հզր 400 դրամ։
Նաև պահանջում է՝ Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Քոչարյանի բռնագանձել դատական ծախսը՝ նախապես վճարված 339 հզր 372 ՀՀ դրամ պետական տուրքի չափով, ինչպես նաև կատարված և կատարվելիք փաստաբանի վարձատրության վճարը։
Սեդրակ Քոչարյանի հայցադիմումն ընդունված է վարույթ 2022–ի հունսիսի 21–ին,այն քննում է դատավոր Ժաննա Ասատրյանը։