Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Սանասար Չ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Հենրիկ Պ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Հրազդան» բժշկական կենտրոն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին օգնել է՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։