Բրիտանական Joipaw ստարտափը մշակել է նոր տեսախաղ, որը նախատեսված է շների համար։ Իհարկե, այն կարող է ծիծաղելի թվալ, սակայն ըստ ստարտափի համահիմնադիր Դերսիմ Ավդարի, տեխնոլոգիան նպատակ ունի պահպանել և նույնիսկ բարելավել ծերացող շների ճանաչողական ունակությունը:
Ավդարը լրատվամիջոցներին պատմել է, որ ինքն ու իր կինը շուն են ձեռք բերել, սակայն հետո պարզվել է, որ նրանց ապրելակերպը թույլ չի տալիս բավականաչափ ժամանակ տրամադրել շան հետ խաղալուն։ Արդյունքում առաջացել է Joipaw տեսախաղի գաղափարը։ Սկզբանական շրջանում գաղափարն ընդամենը շանը ինքնուրույն խաղալու և ձանձրույթից զերծ պահելու հնարավորություն տալն էր։
Սակայն, ավելի ուշ տեսախաղի ստեղծողները հասկացան, որ գաղափարն ավելի խորն է՝ այն պետք է օգնի ծեր շներին պահպանել ճանաչողական ֆունկցիաները և ֆիզիկական վիճակը։ Այն շները որոնք այլևս դժվարանում են վազել այգում գնդակին հասնելու համար, կարող են նստել սենսորային էկրանի առջև և քթով «բռնել» էկրանին երևացող պատկերները։
Տեսախաղն արդեն հասցրել է արժանանալ կոշտ քննադատության։ Քննադատողների մեծ մասը կարծում է, որ ոչ մի տեսախաղ չի կարող փոխարինել կենդանու՝ տիրոջ հետ անցկացրած ժամանակին։ Այնուամենայնիվ, տեսախաղի հեղինակները, նշում են, որ այն չի ստեղծվել որպես շան և տիրոջ կենդանի հաղորդակցության փոխարինող։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը