ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը:
Առաջարկվում են մի շարք փոփոխություններ, օրինակ, թեկնածուական պաշտպանելուց մինչև մասնագիտական խորհրդի անդամ լինելու համար 2027 թ.-ից սկսած՝ անհրաժեշտ կլինի ունենալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրություններ:
Նշվում է, որ նման տպագրությունները կդիտվեն համարժեք տեղական պարբերականներում տպագրված 2-3 հոդվածի: Մասնավորապես՝ գիտական ղեկավարի թույլտվությունը ստանալու համար սա հնարավորություն կընձեռի բազմաթիվ տեղական հոդվածների փոխարեն՝ ներկայացնել ավելի սակավաթիվ, բայց միջազգային ու որակյալ հոդվածներ:
Արտերկրի մասնագետը հնարավորության կունենա համաղեկավարելու ասպիրանտներին ու հայցորդներին, բացի դրանից՝ ընդգրկվելու մասնագիտական խորհուրդներում, ինչպես նաև առցանց մասնակցելու պաշտպանության գործընթացին՝ որպես ընդդիմախոս: Սա ևս կնպաստի գիտության միջազգայնացմանը, որակյալ կադրերի պատրաստմանը և գիտելիքի ներհոսքին, ինչպես նաև լոկալ մասնագետների գնահատականի փոխարեն՝ ունենալ էլ ավելի օբյեկտիվ ու գլոբալ գնահատական աստիճանաշնորհման բնագավառում:
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է միջազգային ամսագրերում տպագրվել։
«Հեշտ չէ քառորդային բարձր ցուցանիշ ունեցող ամսագրերում տպագրվելը, բայց անհնարին չէ: Շատ առումով տպագրությունը հեշտացվում է միջազգային խորհրդատուների առկայության, համագործակցային դաշտ ունենալու արդյունքում: Երբ մի քանի տարբեր խմբեր են ներգրավված լինում, ավելի բարձր մակարդակի աշխատանք է արվում: Մի քանի տարբեր մասնագետների ընդգրկվածությունը՝ տարբեր պետություններից, հնարավորություն է տալիս տպագրվել էլ ավելի լավ ամսագրում: Նմանատիպ 4 հոդված ունենք տպագրված, և ասել, որ հեշտ է՝ այդպես չէ, քանի որ հատկապես բնագիտության համար չկա առանձնացված գումար, որպեսզի վճարվող ամսագրերում հնարավոր լինի հոդված տպագրել:
Կան նաև ամսագրեր, որ չնայած արագ տպագրությանը, բարձր վարկանիշին, ճոխ գումարներին, Հայաստանի նման պետությունների համար, որոնք քիչ վճարունակ են, ունեն առանձին կրետերիաներ և հնարավորություն են ընձեռում տպագրվել անվճար կամ մասնակի վճարով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արփինե Հարությունյանը՝ հավելելով, որ կա նաև մեկ այլ կետ, երբ գիտնականի բարձր գիտաչափական տվյալ ունենալը հնարավորություն է տալիս և՛ անվճար տպագրել հոդված, և՛ հրավիրյալ տպագրվող լինել:
«Շատ դեպքերում ոչ թե գիտնականն է խնդրում, որ իր հոդվածը վերցնեն տպագրության, այլ իրեն են դիմում՝ խնդրելով, որ հոդված տպագրի: Իսկ եթե ուզում ենք, որ ոլորտային ունենանք միջազգային մակարդակին համարժեք գիտություն, միջազգային չափորոշիչներով չափվող և բոլոր միջազգային կրետերիաներով բարձր մակարդակում գտնվող գիտնականներ, պետք է գնանք այդ քայլերին, ինչպես նաև մաքրենք շարքերը չաշխատող, ցուցանիշ չտվող, անընդհատ նույն կրկնողությունն անող մարդկանցից և հասնենք նրան, որ ունենանք մրցունակ գիտություն»,- ընդգծեց գիտաշատողը:
Անդրադառնալով արտերկրից համաղեկավար ունենալուն՝ Արփինե Հարությունյանը նշեց, որ առհասարակ բոլոր գիտական կազմակերպություններում, թեկուզև փոքրիկ խմբերով, բայց համագործակցում են:
«Հայաստանը երբեք, անգամ 1990-ական թվականների դժվար ընթացքի ժամանակ, չի կարելի ասել, որ այդ առումով շատ է տուժել, բայց կան խմբեր, որ այդ առումով բացարձակ քայլեր չեն անում: Լճացած գիտնականը մի տեղում և ոլորտի մյուս գիտնականներից կտրված լինելով՝ չի կարող արդյունավետ գիտությամբ զբաղվել: Այդ համագործակցությունը բավականին մեծ հնարավորություններ է բացում: Օրինակ, մեր ոլորտում հնարավոր է՝ չունենանք սարքեր, համապատասխան ռեակտիվներ, սակայն փորձի փոխանակումը, համագործակցությունները բերում են երկկողմանի զարգացման, իսկ մեր դեպքում կարելի է ասել, դաշտը բաց է, շատ մեծ հնարավորություններ կան, ու լավ աշխատելու դեպքում միայն Գիտության կոմիտեի դրամաշնորհներով հատկապես բնագիտական ոլորտը մեծ հնարավորություն ունի աշխարհի բոլոր ծայրերից գիտնականներ հրավիրել, խորհրդատուներ ունենալ, զարգացնել հեռավար լաբորատորիաների գաղափարը»,- եզրափակեց գիտաշխատողը:
Թեմայի վերաբերյալ ավելի վաղ զրուցել էինք նաև ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանի հետ, որը կարծում է, որ ծայրահեղությունների մեջ պետք չէ ընկնել:
Դրական է, երբ խրախուսվում է դրսում հրապարակվելը: Իրոք, մեր գիտական միտքը պետք է դուրս գա միջազգային հարթակ, և նվաճումները ներկայացվեն, սակայն, մյուս կողմից, երբ հետազոտողը պատրաստվում է հրապարակում ունենալ դրսում, լրացուցիչ խթան է, որ նա ուսումնասիրում է դրսում եղած հրապարակումները, ծանոթանում նորություններին: Հումանիտար ոլորտում հիմնական խնդիրը, կարծում եմ, կարծրատիպն է, երբ մենք մտածում ենք, որ այդքան կարևոր չէ միջազգային ամսագրերում հրապարակելը: Կարծում եմ, այդ կարծրատիպը պետք է կոտրել, բայց ոչ ծայրահեղությունների մեջ ընկնելով. հայերենը, իբրև գիտության լեզու, չպետք է իր դիրքերը զիջի: Վերջերս մասնագետներից մեկն ասում էր, որ իր հոդվածները ստիպված օտար լեզվով է գրում, և դա նշանակում է, որ, եթե մի ոլորտից մի քանի մասնագետ սկսի օտար լեզվով գրել՝ հայերենն այդ հատվածում դառնում է երկրորդական լեզու: Այլ կերպ ասած, եթե ամբողջ գիտությունը շուտով գնա դեպի օտար լեզուներ՝ անգլիալեզու դառնա, հայերենը կմնա իբրև հաղորդակցման տնային լեզու. մենք չենք ուզում, որ այդպես լինի: Հայերենը եղել է, կա ու պետք է լինի գիտության լեզու: Ուրիշները, եթե ուզում են տեղեկություն ստանալ, նրանք ևս պետք է կարողանան կարդալ հայերեն»,- ընդգծել էր Վիկտոր Կատվալյանը:
Անի Կարապետյան