Հանրապետությունում շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2017 թվականի փետրվարի 13-ից գործարկվելու է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցում (թիվ 98 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:
Նույն օրվանից կկատարվեն նախկինում գործարկված արագաչափ սարքերի տեղակայման վայրերի փոփոխություններ:
Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, իսկ Սեբաստիա փողոցի 26 հասցեի հարևանությամբ գործող արագաչափ սարքը կգործի նույն փողոցի 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: