Ադրբեջանական caliber.az-ը հոդված էր հրապարակել՝ հղում տալով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի գրառմանը, որը տեղադրվել էր «Республика Армения» տելեգրամյան ալիքում:
Նշվում է, թե իբր Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի և գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) միջև վեճ է տեղի ունեցել, իսկ պատճառը «Օգանովսկուն պատկանող ոսկու և այլ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստների առկայությունն է»:
Արցախի Հանրապետության ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այս անհեթեթությանը, նշելով, որ փորձ է արվում, մեղմ ասած՝ պառակտել ժողովրդի միասնությունը:
«Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը, և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում: Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության «CALIBER.AZ» քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր: Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ…»: