Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամ առաջանալու հավանականությունը մեծ է։ 168.am-ի հետ զրույցում ասաց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին։
«Փառք Աստծո, գազամատակարարումը վերականգնվել է, սակայն ճանապարհի շրջափակումը շարունակվում է, արդեն 8-րդ օրն է։ Այս ամենը նշանակում է, որ 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ, և կարծեք թե աշխարհը դրան առանձնապես չի էլ արձագանքում, թեև շրջափակման դեպքերի վերաբերյալ աշխարհից վերջերս սուր արձագանքներ ենք լսում։ Այս դեպքում անհասկանալի է Արևմուտքի լռությունը, ինչպես նաև տարածաշրջանային մեծ տերությունների լռությունը։ Եթե այս ամենին Թուրքիան չի արձագանքում, ապա հասկանալի է, որ իր ռազմավարական եղբոր հանցագործությունները չի դատապարտի, բայց Իրանի ու Վրաստանի լռությունն անհասկանալի է, էլ չասեմ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանին։ Թեպետ վստահ եմ, որ կուլիսների հետևում Ռուսաստանը որոշակի գործողությունների դիմում է իրադրությունը բարելավելու ուղղությամբ»,- նշեց Արա Մարջանյանը։
Ըստ զրուցակցի, ակնհայտ է, որ Արցախում էներգետիկ ճգնաժամի առաջացման վտանգը մեծ է, թեպետ գազի խնդիրը լուծվել է, բայց համակարգի բնականոն շահագործման հետ կապված խնդիրները դեռ կան։ Տեխնիկական աջակցման, օժանդակման, վերազինման, պլանային աշխատանքների կատարման, շինարարական նյութերի, տեխնիկական սարքավորումների մատակարարման խնդիրներ նույնպես կան։
«Էլեկտրաէներգետիկ համակարգն այնպիսի համակարգ է, որը պահանջում է ամենօրյա հետևողական շահագործում, հետևաբար՝ ճանապարհների անխափան գործունեությունն այստեղ կարևոր է։ Էլ չեմ ասում ջրամատակարարումը, կոյուղին։ Եթե մի փոքր էներգետիկայից վերանանք, ապա առողջապահական, կրթական խնդիրները և բազում այլ խնդիրներ կան։ Այսինքն՝ շրջափակումը հանդիսանում է ագրեսիայի արտահայտման ձևերից մեկը, այն պատերազմի վարման ոչ ուղիղ մեթոդ է։ Ադրբեջանի կողմից նման արարքը անթույլատրելի է թե՛ հումանիտար իրավունքի, թե՛ իրավական նորմերի տեսանկյունից»,- հավելեց էներգետիկ հարցերի փորձագետը։
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ քայլերի վերաբերյալ էլ Արա Մարջանյանն ասաց՝ վստահ է, որ արցախցիներն արդեն ձեռնամուխ են եղել հատուկ կառավարման մարմինների ստեղծման։
«Ամբողջ էներգետիկ համակարգը պետք է գործի վթարային, արտակարգ ռեժիմով։ Նման օրերի հարուստ փորձ ունի նաև Հայաստանը։ 1990-ականներին Հայաստանը 1250 օր գտնվել է շրջափակման մեջ։ Այնպես որ, այստեղ մենք հարուստ փորձ ունենք, և վստահ եմ, որ կիսվում ենք Արցախի մեր հայրենակիցների հետ»,- եզրափակեց Արա Մարջանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։
Դեկտեմբերի 12-ին հաջորդող օրերին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Արցախ մատակարարվող գազը, որը վերականգնեց միայն մի քանի օր անց։