Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ փի ջի» ՍՊԸ-ն դեկտեմբերի 5-10-ը հեռախոսային հարցումներ է իրականացրել Հայաստանի բնակավայրերում` քաղաքական ու տնտեսական հարցերն ամբողջացնելով «Մառախուղ» խորագրի տակ: Հարցվողների հեռախոսահամարներն ընտրվել են պատահական գեներացված համարներից:
Այսպիսով, հարցվողների միայն 12.6 տոկոսն է Հայաստանի Հանրապետության ներկա տնտեսական վիճակը դրական գնահատել, բացասական՝ 32.8 տոկոսը: Երկրի տնտեսությանը միջին գնահատական է տվել քաղաքացիների 53.9 տոկոսը:
ՀՀ բնակիչները գնահատել են նաև Ազգային ժողովի, կառավարության, նախագահի և վարչապետի գործունեությունը:
Ըստ այդմ՝ հետազոտությանը մասնակցածների 13.7 տոկոսն է միանշանակ հավանություն տվել ԱԺ գործունեությանը, իսկ 36.4 տոկոսն ընդհանրապես հավանություն չի տվել:
Համանման պատկեր է նաև մյուս ինստիտուտների գործունեության գնահատականների դեպքում՝ ՀՀ կառավարության աշխատանքին ընդհանրապես հավանություն չի տվել 33.1 տոկոսը, միանշանակ հավանություն է տվել՝ 16.1 տոկոսը, ՀՀ նախագահի դեպքում՝ համապատասխանաբար՝ 33.4 տոկոս և 15.0 տոկոս, ՀՀ վարչապետի գործունեությանը՝ 34.7 տոկոս և 23.2 տոկոս:
«Գնահատեք հետևյալ նախարարների/կառույցների աշխատանքը 1 նվազագույն / 5 առավելագույն գնահատականն է»՝ հարցման պարագայում որևէ մեկը չի արժանացել «գերազանցիկի» գնահատականի:
Ամենաբարձր՝ 3.6 միավորի արժանացել է Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու նախարար Արմեն Փամբուխչյանը, իսկ ամենացածրը՝ 2.7 Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն (այժմ փոխվարչապետ) ու իր ղեկավարած գերատեսչությունը: Այս երկու գերատեսչությունների գնահատականների միջակայքում են հայտնվել ԱԱԾ տնօրենը, Ոստիկանապետը, ՄԻՊ-ը ու մնացած նախարարությունները:
2022թ. նոյեմբերի 4-ին Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Հանրապետության պետական նախարար: Ինչպե՞ ս եք վերաբերվում այս նշանակմանը. հարցին 51.5 տոկոսը տվել է դրական պատասխան:
Հետազոտության վերջին հատվածում հարցումները ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ են. Ռուսաստանի ռազմական գործողությունները Ուկրաինայում չեն արդարացրել հարցվածների 50.3 տոկոսը, 53.8 տոկոսը, սակայն, բացասական է գնահատել այս համատեքստում Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները, իսկ 78.2 տոկոսն էլ նշել է, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները ազդում են նաև Հայաստանի վրա: Հարցվածների մեծամասնությունը կարծում է նաև, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կավարտվի առանց ակնհայտ հաղթողների:
Ի դեպ, վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Ռուսաստանից մարդկանց ներհոսքի, Հայաստանում ժամանակավոր բնակության կամ աշխատանքի համար եկած քաղաքացիների հանգամանքին ՀՀ քաղաքացիների 75.6 տոկոսը դրական է վերաբերվում, իսկ 79.9 տոկոսը կարծում է, որ բնակչության վերաբնակեցումն ու բիզնեսի տեղափոխումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: