«Արցախից հրաժարվողն ուրացող է. այս վիճակի միակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է». Բագրատ սրբազան (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արցախից հրաժարվողն ուրացող է. այս վիճակի միակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է». Բագրատ սրբազան

Աղոթքներս Արցախում ապրող մեր եղբայրների և քույրերի հետ են. այն մարդկանց, որոնք այսօր մեր փոխարեն կրում են ու վերակերտում հայի պատիվն ու արժանապատվությունը, որովհետև այս շրջափակումը միայն Արցախի շուրջ չէ, դա բոլորիս է վերաբերում. բոլոր նրանց, ովքեր ունեն ինքնություն, արժանապատվություն, կարճ ասեմ՝ Հայաստանն ու հայությունն է շրջափակված արդեն 16 օր։

168 TV-ի եթերում, խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին, նման տեսակետ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով.

«Ապրում ենք անբարոյականության շքերթի մեջ. այս վիճակի միակ և բացարձակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է ու կառավարողները, որոնք մեզ հասցրել են մի վիճակի, որ մենք խոսում ենք ոչ թե սխալների, այլ ողբերգության և աղետի մասին։ Սա պետության բացակայություն է՝ պետության տեսիլքի բացակայություն։ Ես հիմա տեսնում եմ ինքնության մոլորության մեջ գտնվող մի ժողովուրդ, որի մեջ ներարկել են անզորության զգացում, բայց այստեղ ուզում եմ հարց տալ՝ մենք մի՞թե այդ վախկոտ, թույլ, հպատակ, ստորացած մարդիկ ենք։ Ուզում եմ, որ այս Ամանորին յուրաքանչյուրն ինքն իրեն այս հարցը տա։ Այո՛, այս հարցի ազնիվ պատասխանը գտնելը հեշտ չէ, բայց այն գտնել պետք է. Մենք, ի վերջո, մեռնելու ենք, այդ ժամի մասին թող ամեն մեկը մտածի, իմանա, թե ի՞նչ պատասխան է տալու։ Այս Ամանորին չկանգնե՛ք սեղանների մոտ, չխոսե՛ք մեր նահատակներից, այլ խոսեք, թե դուք ով եք՝ անինքնասե՞ր, անհայրենի՞ք, թե՞… Մեզնից ամեն մեկը պետք է այս հարցի պատասխանն իր մեջ գտնի. մեզ մնում է այլևս ինքնակազմակերպումը, պետությունից հույս չունեմ»։

Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ որպես պետական ինստիտուտ, խնդիրների լուծման ուղղությամբ արած աշխատանք չի տեսնում, ուստի Արցախն ու Հայաստանը շրջափակման հասցրած կառավարիչներից ինքը որևէ ակնկալիք չունի, որովհետև չկա ո՛չ արժեք, ո՛չ ապագայի տեսիլք, հետևաբար՝ պետք է գնան։

«Պետք է գնան՝ հանուն պետության։ Ես հարց եմ տալիս՝ լավ, ե՞րբ է գալու ժամանակը, որ ասեք՝ մենք ենք պատասխանատու այս վիճակի համար. նախկիններին անցան, հիմա մեղավոր է Արևմուտքը, վաղն էլ կմեղադրեն իրենց ապագային, բայց լավ՝ ե՞րբ է գալու այն ժամը, երբ ասես՝ ես պատասխանատու եմ։

Ե՞րբ է գալու ժամանակը, որ ասեն, թե ո՞րն է իրենց օրակարգը։ Եթե իրենց օրակարգն Արցախից ձերբազատվելն է, ապա դա օրակարգ չէ, դա հանձնվել է, զիջել ու պարտություն՝ բոլոր առումներով։ Եթե դա է օրակարգը, ուրեմն իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու. «եթե» եմ ասում զուտ խոսքս կառուցելու համար։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- ասաց Բագրատ սրբազանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում