«Փեթակ» առևտրի կենտրոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 10 միլիոն դրամ է փոխանցել՝ Արցախին աջակցելու համար
Advertisement 1000 x 90

«Փեթակ» առևտրի կենտրոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 10 միլիոն դրամ է փոխանցել՝ Արցախին աջակցելու համար

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ`Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով։

Նիստին տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, Հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև Հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:

Մենք տեղեկացանք, որ «Փեթակ» առևտրի կենտրոնը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 10 միլիոն դրամ է փոխանցել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։



Նման նյութեր