«Եթե միասնական չլինենք, մեր պայքարը չի կարող ամբողջական լինել, միասնականությունն է ուժ ծնում». Տեր Բենիամին քահանա Ծատուրյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե միասնական չլինենք, մեր պայքարը չի կարող ամբողջական լինել, միասնականությունն է ուժ ծնում». Տեր Բենիամին քահանա Ծատուրյան

Արցախը, 18-րդ օրն է՝ գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ, 120 հազար արցախահայեր կտրված են արտաքին աշխարհից։ Չնայած այս ամենին, արցախահայությունը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքում հայտարարեց՝ արցախցին իր հայրենիքը լքելու նպատակ չունի, ավելին՝ պետք է իր հողում ապրի ու առաջ տանի ինքնորոշման իրավունքի հարցը։

168.am-ի հետ զրույցում Քաշաթաղի շրջանի նախկին  հոգևոր հովիվ, այժմ Ասկերանի շրջանի Աստղաշեն և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն ասաց, որ բնակիչները, որոնց հետ ամենօրյա շփումների մեջ է, նեղվածություն ունեն, սակայն, ինչպես միշտ՝ իրենց լեռների նման կանգուն են։

«Արցախցիները միշտ էլ իրենց հավատն ու հույսը չեն կորցրել, միշտ էլ պայքարող ոգի են եղել։ Այդ ուժն ու պայքարելու ոգին Աստծուց տված մեծ շնորհք է և, իհարկե, կյանքի փորձառությունն է»,- նշեց քահանան։

Ինչ վերաբերում է Ամանորը տոնելուն, Տեր Բենիամին քահանա Ծատուրյանն ասաց, որ որոշակի խնդիրներ կան, սակայն բոլորն էլ պատրաստ են տոնելու։

«Իմ հովվական տարածքում միշտ Ամանորը եկեղեցում ենք նշում գրեթե ամբողջ գյուղով։

Ստեղծված իրավիճակում մեր բոլորի կողմից լավագույն քայլն այն կլինի, որ միասնական լինենք, եթե միասնական չլինենք, ապա մեր պայքարը չի կարող ամբողջական ու արդյունավետ լինել։ Միասնականությունն է ուժ ծնում»,- շեշտեց քահանան։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում խնդրի լուծումը, քահանան պատասխանեց, որ այդ հարցը քաղաքական է, իսկ քաղաքականության մեջ ինքը չկա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։