Դեկտեմբերի 12-ից մինչ օրս թշնամի Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ գտնվում են շրջափակման տարբեր կողմերում։
Արցախցիների մեծ մասը, որ դեկտեմբերի 12-ին վերադառնում էր տուն, ճանապարհի փակ լինելու պատճառով տեղավորվել էր Սյունիքի մարզի Գորիս համայնքում և այժմ էլ շարունակում են այնտեղ մնալ։
168.am-ն այսօր զրուցել է Գորիսի համայնքապետի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանի հետ, հետաքրքրվել, թե այս պահին քանի՞ արցախցի է գտնվում Գորիսում․
«Մինչ օրս մեզ դիմել է 300 արցախցի, մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ կեցության և սննդի հարցերը հոգալու համար։ Այս ընթացքում համագործակցել ենք նաև կազմակերպությունների հետ ու մինչև հիմա էլ համագործակցում ենք՝ կենսական խնդիրների լուծման համար։ Գորիսի համայնքապետարանը շուրջօրյա կապի մեջ է նաև հյուրանոցների հետ՝ հարցերին հնարավորինս արագ արձագանքելու համար։
Այս ամենից անմասն չեն մնում նաև հյուրանոցները, նրանք էլ փորձում են իրենց ներդրումն ունենալ արցախցիների համար, իրենք էլ ինչ հնարավոր է՝ անում են, թե սննդի հետ կապված, թե այլ հարցերում, բայց փոխհատուցումը Սյունիքի մարզպետարանն է անում, համայնքապետարանը՝ մյուս բոլոր հարցերը։
Գորիսում տեղավորված 300 արցախցիներից շուրջ 60-ը երեխաներ են։ Ունենք պարի խումբ, ունենք երեխաներ, որ եկել էին, Երևան «Եվրատեսիլին» էին մասնակցել և տուն էին վերադառնում։ Ժամանակ առ ժամանակ երեխաների համար միջոցառումներ ենք կազմակերպում, որպեսզի նրանց օրն ուրախ անցնի։ Տա Աստված՝ ժամ առաջ բացվի կյանքի ճանապարհը, մեր հարազատ արցախցիներն Ամանորն ու Սուրբ Ծնունդը դիմավորեն իրենց օջախներում, մեր Սուրբ Արցախում»։
Եթե հանկարծ ճանապարհը չբացվի, Գորիսի համայնքապետարանը դեկտեմբերի 31-ի գիշերը որևէ բան նախատեսո՞ւմ է կազմակերպել արցախցիների համար, հետաքրքրվեցինք Արտյոմ Աղաջանյանից․
«Առայժմ պլանավորած բան չունենք, մենք հույս ունենք, որ ճանապարհը կբացվի, բայց, եթե չբացվի, ինչպես մինչ այս պահն է արվել, այնպես էլ 31-ին է արվելու ամեն ինչ, որպեսզի կարողանան նշել Ամանորը»։