29-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, հազարավոր մարդիկ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից չեն կարողանում հասնել իրենց տուն ու միանալ ընտանիքներին։
Ճանապարհը շրջափակելուց առաջ, Քաշաթաղից տեղահանված բնակիչ Լիաննա Դիլոյանը Շիրակի մարզից մեկնել էր Արցախ՝ բնակարանի սերտիֆիկատի ձեռքբերման հետ կապված որոշակի հարցեր լուծելու համար ու այդպես էլ չի կարողացել վերադառնալ Հայաստան։
Շիրակի մարզում Լիաննա Դիլոյանը թողել է երկու անչափահաս երեխաներին՝ 17 տարեկան տղային և 10 տարեկան աղջկան։
«Այս պահին տղաս ու աղջիկը միայնակ են տանը ապրում, Գյումրու քաղաքապետարանը տեղյակ է, որ նրանք տանը միայնակ են, այցելել են երեխաներին։ Բնակարանի սերտիֆիկատի համար էի եկել Արցախ, բայց չստացվեց հարցը լուծել, պետք է Հայաստանում այդ հարցը լուծեմ։ Հուսամ, որ ճանապարհը կբացվի, կգամ Հայաստան ու խնդիրը կլուծեմ։
Հիմա ես Գյումրիում վարձով եմ բնակվում, դեկտեմբեր-հունվար ամիսների վարձը չեմ տվել, քաղաքապետարանից գնացել են, ուզում են տան վարձի հարցերը լուծել։ 41 դպրոցի տնօրինությունն էլ սնունդ է տրամադրել երեխաներիս»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լիաննա Դիլոյանը։
Մեր զրուցակիցը պատմեց, որ 2016 թվականից ընտանիքով հաստատվել էին Քաշաթաղում, իսկ դրանից առաջ՝ 2005 թվականին, Գյումրիից տեղափոխվել էին Քարվաճառի շրջան։
«Քարվաճառից այնուհետև տեղափոխվել ենք Քաշաթաղ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 23-ին դուրս ենք եկել Քաշաթաղից, որևէ բան մեր տնից չվերցնելով։ Քաշաթաղում թողեցինք այն ամենը, ինչ ստեղծել էինք, տուն, ապրուստ, այնտեղ է մնացել նաև ամուսնուս գերեզմանը։
Ինքս Արցախի եռամսյա ծրագրով աշխատում էի, սակայն հիմա չեմ աշխատում, Աստծո հաջողությամբ ճանապարհները բացվի, մի գործ կգտնեմ, որ երեխաներիս կարողանամ պահել։
Տղաս 17 տարեկան է, դեկտեմբերի 12-ին նրա ծննդյան օրն էր, այստեղ էի, աղջկաս 10-ամյակն էլ հունվարի 6-ին լրացավ, ցավոք, նրանց կողքին չէի»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է: