Հայտնի ինսայդեր և TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ iPhone 15 Pro-ն և Pro Max-ը ֆիզիկական կոճակների փոխարեն կստանան ձայնի և հոսանքի հպման կոճակներ։ Այս մասին հայտնում է GSMArena հրատարակությունը։
Նշվում է, որ առաջիկա նորարարության մասին առաջին անգամ Կուոն հայտարարել է դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ Սակայն այն ժամանակ այս տեղեկատվության հավաստիությունը ասեկոսեների մակարդակում էր, իսկ այժմ՝ ճշգրիտ։ Ենթադրվում է, որ Կուոյին այս տեղեկությունը հայտնել են Apple-ի ծրագրերի iPhone-ի արտադրության շղթայում ընկերության աշխատակիցները։
TF International Securities-ի վերլուծաբանի խոսքով՝ նոր սենսորային կոճակները կպատրաստվեն Taptic Engine տեխնոլոգիայի միջոցով, որը նմանակում է իրական ստեղների սեղմումը։ Նախկինում Taptic Engine-ը օգտագործվել է iPhone 7-ի և iPhone 8-ի Home կոճակի սենսորի վրա:
Կուոն նշել է նաև, որ Apple-ի նոր լուծման հիմնական շահառուն կլինի ամերիկյան Cirrus Logic ընկերությունը, որը հանդիսանում է Taptic Engine-ի նման կոճակների պատրաստման բաղադրիչների միակ մատակարարը։ Ըստ ինսայդերի՝ Cirrus Logic-ը կարող է շուտով Apple-ից ահռելի գումարի պատվեր ստանալ։
Կուոն հավելել է, որ եթե սպառողներին դուր են գալիս iPhone 15-ի սենսորային կոճակները, ապա Android սմարթֆոնների շատ արտադրողներ արագ կհարմարեցնեն Taptic Engine-ը իրենց սարքերին: