Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը. 33 տարի անց Արցախի շրջափակման 33-րդ օրը Ալիևն ասում է նույնը
Advertisement 1000 x 90

Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը. 33 տարի անց Արցախի շրջափակման 33-րդ օրը Ալիևն ասում է նույնը

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցը:

1990 թ. հունվարի 13-ից–19-ը հայերի դեմ իրագործած ջարդերի հետևանքով ավելի քան 200,000 հայ լքեցին Բաքուն:

Բաքուն դարձավ Սումգայիթի, Գանձակի ողբերգական իրադարձությունների շարունակությունը: Ամեն ինչ կրկնվում էր նույն սցենարով հայերին վերացնելու կոչեր, որոնց հաջորդում էին ջարդարարների նախօրոք ծրագրված գործողությունները:

Ունենալով հայերի բնակարանների հասցեները և քաղաքի քարտեզը ադրբեջանցի ջարդարարներն արագությամբ գտնում էին հայկական տները և դաժանորեն սպանում մարդկանց ազգային պատկանելության համար: Այդ առնչությամբ «Комсомольская правда»-ն գրում է. «Հավաքվածների մոտ հայտնվեցին հայերի հասցեներով ցուցակներ, և Բաքուն պայթեց… Քաղաքում ուժեղացել էր հակահայկական հիստերիան, հնչում էին կոչեր համընդհանուր թշնամու դեմ միավորվելու մասին»:

Բաքվի հայության կոտորածի նախօրեին հունվարի 12-ին, «Ժողովրդական ճակատ»-ի ծրագրով ձևավորվել էր Ազգային պաշտպանության խորհուրդ (Milli Müdafia Şurası MMŞ)՝ իբրև Լեռնային Ղարաբաղ «ռազմական գործողությունների գոտի» ուղարկվելու համար, սակայն այն մնաց Բաքվում:

Ամեն ինչ կանխամտածված և նախօրոք ծրագրված էր ազատել Բաքուն հայերից: Այդ մասին է վկայում նաև տարիներ անց 2012 թ., ադրբեջանական «ANS TV» հեռուստաընկերության հեռարձակած «Ən Yeni Tarix» հաղորդման 1990 թ. հունվարի դեպքերին նվիրված թողարկման ժամանակ MMŞ-ի փոխնախագահ Նուրադդին Խոջայի խոստովանությունն այն մասին, որ Ժողճակատը հստակ ծրագիր է ունեցել ազատել Բաքուն հայերից. «Հայերին Բաքվից հանելը ճիշտ էր, հայերը դանդաղ ազդեցության ռումբ էին… հայերը մեզ համար վտանգավոր էին…»:

Հատկանշական է, որ 33 տարի անց, Լաչինի միջանցքը շրջափակելով, Ալիևն ասում է նույնը՝ իրենք նպատակ են դրել հասնել հայերի դուրսբերմանը Արցախից: 44-օրյա պատերազմով դրան չհասան, այժմ փորձում են այլ մեթոդներով:

Նպատակը նույնն է, մեթոդներն են փոփոխական: Ցավոք, մենք մեր պատմությունից դասեր քաղել չգիտենք, դրա համար կրկին հայտնվում ենք նոր փորձությունների առջև…»։