Քրիստինի Ադամյանն իր էջում գրում է․
«Ժողովուրդ ջան, ծնողներ ջան, շատ եմ խնդրում, զգույշ եղեք։
Ինքս բախվել եմ այս խնդրին։
Ճիշտ է, սա տարիներ առաջ էր. չեմ հիշում` որ ընկերության դեղամիջոցն եմ օգտագործել, բայց, ինչպես երևում է, խնդիրը կապված է ներքոհիշյալ թունաքիմիկատների կամ, առհասարակ, վտանգավոր նյութերի հետ, որոնք այսօր էլ շարունակում են մնալ հազի օշարակների բաղադրության մեջ։
Այն ժամանակ մեզ հաջողվեց մեկ տարեկանը չբոլորած երեխայիս կյանքը փրկել հատկապես մեր վերահասության և, իհարկե, բժիշկների ջանադրության շնորհիվ։
Գիշերը, քնած ժամանակ երեխայիս մոտ մարմնի փքվածություն նկատեցինք։ Պարզվեց` դեղամիջոցի նկատմամբ ռեակցիայից երեխայիս ներքին օրգանները նույնպես տուժել էին, փքվածությունը հասել էր կոկորդին, չհաշված մնացած հետևանքները։ Փոքր ինչ ուշացնելը շնչահեղձության կբերեր, ճակատագրական կլիներ։
Գրագետ լինենք, ուշիմ լինենք
Երեխաներն ընդունել են առանց դեղատոմսի վաճառվող հազի օշարակներ, որոնց մեջ եղել է մեծ քանակությամբ դիէթիլենգլիկոլ և էթիլենգլիկոլ:
«Այս նյութերը թունավոր քիմիկատներ են, որոնք օգտագործվում են որպես արդյունաբերական լուծիչներ և հակասառեցնող նյութեր, որոնք կարող են մահացու լինել նույնիսկ փոքր քանակությամբ օգտագործման դեպքում, և երբեք չպետք է լինեն դեղամիջոցներում», – հայտարարել է ԱՀԿ-ն:
ԱՀԿ-ն իր բոլոր 194 անդամ երկրներին կոչ է արել գործողություններ ձեռնարկել՝ մահվան հետագա դեպքերը կանխելու համար: Կազմակերպությունը որոշակի դեղամիջոցների հետ կապված ահազանգեր է ուղարկել և խնդրել է հեռացնել դրանք դեղատներից:
Դրանցից են հնդկական Maiden Pharmaceuticals և Marion Biotech ընկերությունների արտադրած օշարակները, որոնք կապված են համապատասխանաբար Գամբիայում և Ուզբեկստանում երեխաների մահվան դեպքերի հետ: Պարբերականը նշում է, որ անցյալ տարի նման ահազանգեր են ուղարկվել նաև ինդոնեզական 4 արտադրողների հազի օշարակների առնչությամբ»: