«Իմ էրեխուն եմ պահանջում, կուդա՞ք։ Տվել եմ իմ տղային, հետ տվեք, պատասխանատու եղե՛ք, հետ տվեք։ Իմ տան ճրագն է եղել։ Որբ ենք մնացել, էս տունը մնացել է անտեր»,- միակ որդուն կորցրած ծնողների օրվա մեծ մասն անցնում է Նարեկի սենյակում։ Պատերին Նարեկի լուսանկարներն են, զինվորական հագուստները, իրերը, Հայաստանի պետական դրոշն ու մի գրություն․ «Փառք ու պատիվ քեզ հայ զինվոր․ Նարեկ Սահակյան»։
«Աշունը պետք է տանեի, բայց էն էլ ամեն ինչ թարս եղավ»,-հայրը ցույց տալով որդու՝ խնամքով պահպանվող ձմեռային կոշիկներն ու հագուստը նշում է՝ որդին այդպես էլ հնարավորություն չունեցավ ապրել նոր տան իր սենյակում, որը կառուցվել է Նարեկի նախասիրություններով։
Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերից սկսված մարտական գործողությունների ժամանակ։ Թշնամու դեմ Սոթքի դիրքերում է պայքարել՝ մինչև13-ի լուսաբաց։ Նարեկը մարտը վարելիս հնարամտության է դիմել, երբ դիրքերում 10 հոգանոց ջոկատից մնացել են միայն ինքն ու ևս մեկ զինակից։
«Կռվի սկզբից բոլորը զոհվել են, մնացել է ինքը մի տղայի հետ։ Մինչև ժամը 4-5-ը կռիվ են տվել։ Էս մի խրամանտից վազել են էն մեկը, որ թշնամին իմանա՝ մարդ կա։ Վերջում ԱԹՍ-ն․․․»,-ասում է հայրը՝ Հովհաննես Սահակյանը։
Ծնողների փոխանցմամբ՝ Նարեկն ու ծառայակիցները դիրքում առանց հրամանատարի են եղել՝ 8 պայմանագրային և 2 ժամկետային զինծառայող։ Թիկունքից առաջնագիծ օգնության չեն հասել։ Հավհաննես Սահակյանն ասում է, երբ Վարդենիսում հետաքրքրվել է, թե ինչու թիկունքն ամուր չի եղել, ըստ նրա, զինվորականներն ասել են «օդը փակած չի եղել»։
Մայրն ասում է՝ որդու 1,5 տարվա ծառայության ժամանակահատվածում բոլոր պարագաներն իրենք են ուղարկել՝ նասկի, ներքնազգեստ, միայն սնունդն է որակյալ եղել, սակայն, այլ անհրաժեշտ պարագաներ պետությունը չի տրամադրել։ «Երեք հատ պեշկ էր ուզում, երեք դիրքերի համար։ Ասում էր՝ մամ, պեշկ ճարե, մենք ձմեռը չենք դիմանա, էս պեշկերը սարսափելի վիճակի են, դզել եմ՝ հնար չկա։ Մեկ էլ դրոշ էր ուզում, ասում էր՝ անտեր պոստ ոնց որ լինի, դրոշ չկա»,-ասաց մայրը։
Հայրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մինչ մարտական գործողությունների մեկնարկը պատշաճ գնահատական չի տրվել թշնամու գործողություններին։ Դիրքերում կանգնած զինվորների ահազանգերը, որ թշնամու կողմից շարժ է նկատվում՝ մնացել է անարձագանք։ «Երկու օր առաջ ասել էր, որ շարժ կա, ինչ-որ բան են տեղափոխում գիշերով։ Հաղորդել են, որ շարժ կա, հրամանատարներից ասել են՝ բան չկա, մի վախեցեք»,-ասաց հայրը։
Նարեկ Սահակյանի սխրանքի ու հայրենասիրության մասին ամբողջ գյուղն է խոսում և հպարտանում։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները տեսանյութում՝