Պատերազմից հետո երբ ամեն անգամ անցնում էր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհով, Շուշանիկը մտածում էր՝ գուցե մի օր չկարողանան երթեւեկել դրանով:
Դեկտեմբերի 3-ին 22-ամյա Շուշանիկ Հայրիյանը տուն էր գնում՝ Ստեփանակերտ: Սակայն Շուշի-Քարին Տակ հատվածում «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանցիները փակել էին ճանապարհը: Օրը ցուրտ էր, ձյուն էր գալիս: Նա կաշվե բաճկոնով կանգնել էր դրսում, որտեղ Արցախ գնացող մեքենաների շարասյունը երկարում էր: Սկզբից չէր էլ կարծում, որ ստիպված պիտի լինի սպասել: Այդ ընթացքում ուղիղ եթերով լուսաբանում էր իրավիճակը «Ազատություն» ռադիոկայանի համար: Միաժամանակ մտավախություն ուներ, որ գուցե ծնողները լսեն իրեն, ու նրանց համար իր անակնկալը չհաջողվի: Ժամեր անց, երբ ճանապարհը բացել էին, ու ինքն արդեն տուն էր հասել, բակում մայրը սովորականի պես լվացքն էր փռում ու տեղյակ չէր դստեր այցից:
Դրանից 4 օր անց Շուշանիկի ծննդյան օրն էր: Ընտանեկան անխախտ ավանդույթի համաձայն՝ ծննդյան օրերը, ինչպես նաեւ Նոր տարին պարտադիր միասին են անցկացնում: Հայրը լուրջ է վերաբերվում ընտանեկան հավաքներին:
Դեկտեմբերի 9-ին Շուշանիկը Երեւան էր եկել, ու մտքով չէր էլ անցել, որ 3 օր անց ճանապարհը կրկին փակվելու է, եւ Նոր տարին ընտանիքը կիսված է դիմավորելու: Շուշանիկի կյանքում սա առաջին Նոր տարին էր նմնա պայմաններում: 5 քույր եւ 3 եղբայր ունի: Ստեփանակերտում այժմ 3 եղբայրներն ու 3 քույրերն են, իսկ ինքը Երեւանում 2 քույրերի հետ է:
Շուշանիկն ասում է՝ ծնողներին երբեք հուսահատ չի տեսել: Եվ Արցախի շրջափակման այս օրերին էլ նրանք են իրեն ոգեւորում: «Իրենք են ինձ դուխ տալիս, ասում են՝ լավ ա լինելու, դե լավ, դուք էլ եք հետ գալու»,- ժպտում է, ու դա, կարծես, ավելի շատ է խտացնում տխրությունը:
Սառը, արեւոտ ձմռան օր է: Շուշանիկի հետ նստել ենք երեւանյան այգիներից մեկում: Զրույցը չափազանց ծանր է, երբեմն դադարներով:
«Մամայիս եմ զանգել էն օրը, հարցրել, եթե էվակուացիա լինի, դուրս կգա՞ն, ասեց՝ չէ, դուրս չենք գալու, ասեցի՝ լավ, ուրեմն մենք պիտի պատրաստ լինենք էդտեղ գալու»,- պատմում է նա, ապա ավելացնում, թե միշտ մտածել է, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ձեւը Արցախում ապրելն է՝ անկախ բոլոր հանգամանքներից:
Շուշանիկն ասում է, որ Արցախի շրջափակման այս օրերին կարեւոր հարցերը ստվերում են մնացել, ամեն ինչ հասցվել է կենցաղային մակարդակի: «Էնքան են հասցրել կենցաղային մակարդակի, որ, կարծես, ուրիշ բան էլ չի քննարկվում, թե ոնց էդպես եղավ, թե ինչ պիտի անենք, որ ճանապարհը բացվի: Խոսում են կարտոֆիլի մասին, եւ ես էլ մտածում եմ, որ եթե էդքան շատ խոսենք կարտոֆիլի մասին, մի օր էլ Ադրբեջանը կարող է ֆուրերով կարտոֆիլ բերել լցնել: Իրականում կենցաղային բոլոր քննարկումները տանում են նրան, որ շատ հանգիստ կարող է դառնալ հումանիտար միջանցք, ուղղակի առաջին անհրաժեշտության ինչ-որ բաներ անցկացնեն, բայց խնդիրը չլուծվի: Դա մեր մեղքն է նաեւ»,- ասում է Շուշանիկը: Նրա խոսքով՝ առանց գազի ու էլեկտրաէներգիայի կենցաղային շատ դժվար իրավիճակ է եղել նաեւ 1990-ականներին, ինչի մասին պատմել են ծնողները, պատմել են նաեւ, թե ինչպես է հաջողվել դուրս գալ այդ իրավիճակից:
Ըստ 22-ամյա զրուցակցիս՝ այժմ ամենամեծ խնդիրը, բայց ոչ միակը, Փաշինյանի իշխանության հեռանալն է: Իսկ որպես ժողովուրդ, ըստ Շուշանիկի, շատ անելիքներ ունենք: Ասում է՝ մեր՝ հայերիս, ամենավատ կողմերը տեսել է վերջին երկու տարիներին:
Արցախում, ըստ նրա, մարդիկ հիասթափված են, քանի որ տպավորություն է, թե Հայաստանը ձեռք է քաշել Արցախից: «Մի բանը, որ չեմ հասկանում՝ պարտվողականությունն է»,- ասում է զրուցակիցս ու շարունակում, որ խնդիրն Արցախը չէ, նույն անտարբեր վերաբերմունքը դրսեւորվում էր նաեւ 2022-ի սեպտեմբերին՝ Ջերմուկի դեպքերի ժամանակ:
«Էս ամեն ինչի մեջ ամենաաընդունելին ինձ համար պարտվողականությունն է: Ինչի՞ պիտի մենք մեր հողերից դուրս գանք, հատկապես, որ կռվով ես ազատագրել ու պահել էդ ամենը: Ես չեմ պատրաստվում թողնել իմ տունը: Երկու տուն թողել եմ, երրորդը հաստատ չեմ թողնելու»,- ասում է Շուշանիկը, ով մինչեւ 8 տարեկանն ապրել է Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում, որը, ինչպես եւ Շուշին, որտեղ պապական տուն ունեին, բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ:
«Ես ինձ լավատեսությամբ չեմ խաբում»
Պատմական գրքեր կարդալը, Հայաստանում ու Արցախում շատ ճամփորդելը, պատմամշակութային հուշարձաններ տեսնելը ծանրացնում է կորստի ցավը: Ասում է՝ այսօր շատերը չեն պատկերացնում, թե Քաշաթաղում ինչքան հուշարձաններ ենք կորցրել: «Ես մտածում եմ՝ ծանր եմ տանում, որովհետեւ տեսել եմ էդ ամենը»,- նկատում է նա:
Զրուցակիցս նկատում է, որ լավատես չէ ու լավատեսությամբ չի էլ խաբում իրեն: «Անիմաստ լավատեսությունը չեմ հասկանում: Շատ են ինձ ասում, թե շատ նեգատիվ ես նայում, բայց ավելի լավ ա՝ վատ սպասումներ ունենամ, մի քիչ իրատես լինեմ, բայց ինքնախաբեությամբ չտարվեմ»,- ասում է 22-ամյա ստեփանակերտցին:
Շուշանիկի կարծիքով՝ լավը մեզնից է կախված: Ասում է՝ երբեք չի հանձնվելու ու չի հարմարվելու այն մտքին, որ իր պապական տունը մնացել է թշնամու ձեռքին, պայքարելու է, իր երեխաներին էլ նույնն է սովորեցնելու:
Ամբողջությամբ՝ hetq.am
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի