Երևանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս Ամանոր 2019-2020-ի Ամանորինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ ահա այս տարի Երևանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել:
Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը բառի ամենաուղիղ իմաստով այլանդակելով:
Կառավարության շենքի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ եւ մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ անցքերը փակելու են, շենքերը բերելու են նախնական տեսքի: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ` ինչ է պատրաստվում անել Երևանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես` Կառավարության շենքն այլևս հնարավոր չէ նախկին տեսքին բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան, և շենքերի անցքերը հատուկ նյութերով փակելու են եւ դա անելու է լույսերը տեղադրող կազմակերպությունը:
Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը» տեղից չի շարժվում` այդ շենքերի վրա որևէ աշխատանք չի իրականացվում, ծակերն էլ անցորդների աչքն են «ծակում»: Երեկ մենք եւս անձամբ համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել:
Դիմեցինք Երևանի քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչո՞ւ քաղաքապետարանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում շենքերի վրա արված հսկայական ծակերը նորոգելու համար: Քաղաքապետարանի խոսնակ Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նորից ասպարեզ բերեց աղմուկի օրերին հրապարակ նետված կեղծ թեզը, թե` շենքի վրա առկա ծակերից շատերն ունեն հին պատմություն, առաջացել են շատ վաղուց: Թե ինչպես, երբ ու ինչի հետևանքով են ծակերն առաջացել, Սարդարյանը չմանրամասնեց, ապա հավելեց.
«Զուտ եղանակային պայմանների հետ կապված կարող է օրերի խնդիր առաջանալ, պետք է եղանակը չոր լինի: Կա նաև որոշակի տեխնիկական դետալների ճշտման անհրաժեշտություն` ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի միջև, ինչից հետո միանգամից կսկսվեն աշխատանքները»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե Կառավարության շենքի ծակերը նորոգելու համար քաղաքապետարանն առանձին գումար հատկացրե՞լ է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, թե՞ ոչ, Սարդարյանն ասաց. «Ոչ, դա ներառված է հատկացված գումարի մեջ»:
Հ.Գ Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանն իր «ձեռքերը» լվացել է պատմամշակութային արժեք համարվող շենքերի վերականգնման հարցից եւ անգամ չի հետեւում դրա կատարման ընթացքին` նա միայն բյուջեից միլիոնները հատկացնելու տերն է։ Թե կապալառու կազմակերպությունն ինչպես կծախսի այդ գումարը, կկատարի՞ արդյոք պայմանագրային պարտավորությունները, թե՞ ոչ` նրան չի հետաքրքրում:
Ավելի մանրամասն՝ hraparak.am