Համահայկական ամառային խաղերի նախատիպը…
Advertisement 1000 x 90

Համահայկական ամառային խաղերի նախատիպը…

Ռուբեն Շուխյանի Facebook-յան գրառումը. «Համահայկական ամառային խաղերի նախատիպը… Ներկայումս Հայաստանում անցկացվող Համահայկական ամառային խաղերը ունեցել են իրենց նախատիպը: Դեռևս 1911-1914 թթ. Պոլսում անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` Օսմանյան կայրության տարածքում այդ ժամանակ գործող հայկական մարզական ակումբների մասնակցությամբ: Հայկական մարզական խաղերը կազմակերպվում էին Պոլսի Հայոց պատրիարքարանի հովանավորությամբ, իսկ կազմակերպչական ողջ աշխատանքը իրականացնում էր Շավարշ Քրիսյանը: Խաղերի ընթացքը լուսաբանվում էր Պոլսում հրատարակվող առաջին հայալեզու մարզական «Մարմնամարզ» թերթում, որի խմբագիրը նույնպես Քրիսյանն էր:

Հետաքրքիր մի փաստ. ինչպես տեղեկանում ենք «Մարմնամարզ» թերթի հրապարակումներից՝ 1913 թվականի Հայկական 3-րդ խաղերի պատվավոր նախագահն է եղել հայ մեծագույն երգահան Կոմիտասը: Խաղերի ավարտին Կոմիտասը պաշտոնական ելույթ է ունեցել մասնակիցների և հյուրերի առջև, նշել ազգապահպանման գործում Հայկական մարզական խաղերի մեծ դերն և կարևորությունը: Որից հետո նա պարգևներ է հանձնել հաղթող մարզիկներին՝ հատուկ պատրաստված արծաթե մեդալներ և վերջում օրհնել նրանց:

Հայկական մարզական խաղերի մրցումները անց են կացվել հետևյալ մարզաձևերում՝ թեթև ատլետիկա, մարմնամարզություն, ըմբշամարտ, սուսերամարտ, ծանրամարտ, հեծանիվ, ֆուտբոլ և այլն: Նշենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները դարձան՝ նույն Հայկական մարզական խաղերի թևթևատլետներ Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը, որոնք մասնակցեցին 1912 թ. Ստոկհոլմի 5-րդ Ամառային Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով Օսմանյան Թուրքիան»:



Նման նյութեր