Displace ստարտափը CES 2023-ին ներկայացրեց ֆանտաստիկ թվացող «ապագայի հեռուստացույց»՝ ամբողջովին զուրկ լարերից:
DisplaceTV հեռուստացույցի լուծաչափը 4K է, իսկ անկյունագիծը՝ 55 դյույմ։ Այն կշռում է մոտ 9 կիլոգրամ և կարող է «սոսնձվել» ցանկացած հարթ մակերեսի վրա։ Հեռուստացույցի սնուցումն իրականացվում է մարտկոցի միջոցով։ Ամբողջովին լիցքավորված մարտկոցը ապահովում է դրա աշխատանքը 180 օր՝ օրական 6 ժամ դիտելու դեպքում:
Մշակողները նախատեսել են մինչև 4 կամ 16 նման հեռուստացույց մեկ վահանակի մեջ միավորելու հնարավորություն։ Այս դեպքում օգտատերը կստանա մի ամբողջ «վիդեո պատ»՝ համապատասխանաբար 110 կամ 220 դյույմ անկյունագծով և 8K կամ 16K լուծաչափով։ Տվյալ դեպքում բոլոր հեռուստացույցներից եկող ազդակները նախապես միանում են հիմնական համակարգին (basic block), որն էլ ապահովում է տեսանյութի միաժամանակյա հեռարձակումը:
Հեռուստացույցը կարող է կառավարել մի քանի եղանակով՝ հավելվածի, հպման, ձայնի և ժեստերի միջոցով։ Վերջինիս ճշգրիտ աշխատանքի համար հեռուստացույցն ապահովված է բարձրորակ տեսախցիկով։
DisplaceTV-ն դեռևս չի վաճառվում, սակայն այն կարելի է ամրագրել՝ ընկերությանը վճարելով ընտրված տարբերակի արժեքի 10%-ը: Առանձին հեռուստացույցի գինը 2999 ԱՄՆ դոլար է, մինչդեռ 2 և 4 հեռուստացույցներից կազմված փաթեթները հասանելի են 5399 և 8999 ԱՄՆ դոլարով:
Հրապարակման պատրաստեց՝ ita.am-ը