Հայկական Picsart ընկերությունը data.ai կազմակերպության State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների և տեսանյութերի խմբագրում անվանակարգում։
Քսան լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Netflix-ը, TikTok-ը, Samsung-y, WhatsApp Messenger-y, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը, Instagram-ը և այլն։
data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:
Նշենք, որ 2022 թ․ տվյալներով՝ ՏՏ ոլորտի 60 խոշոր ընկերություններ ներառվել են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Picsart-ն ընդգրկված է առաջատար եռյակում (մյուս երկուսն են Synopsys-ը և EPAM-ը): Picsart-ը 2022-ին վճարել է 3.9 մլրդ դրամի հարկ։ Հազար խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 60 ՏՏ ընկերությունները 2022 թ․ վճարել են ընդհանուր շուրջ 51 մլրդ դրամի հարկ կամ ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 2.7%-ը։
Picsart-ը թվային աշխարհում ստեղծագործելու համար նախատեսված աշխարհի ամենամեծ հարթակն է և ամենաշատ ներբեռնվող 20 հավելվածներից մեկը: Ամեն ամիս Picsart-ում ստեղծվում և տարածվում են միլիարդավոր վիզուալ պատմություններ: Հավելվածը հասանելի է 30 լեզվով՝ անվճար, նաև բաժանորդագրությամբ՝ iOS, Android, Windows սարքերում:
Անցած տարի նոյեմբերին Picsart-ը գործարկել է AI Image Generator-ը, որը տեքստերից արհեստական բանականության միջոցով պատկերներ ստանալու հավելված է։ Դեռ 2022 թ․ նոյեմբերին AI Image Generator-ի iOS տարբերակում օրական ավելի քան 1 միլիոն պատկեր էր ստեղծվում։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը, պարզ տեքստային հուշումների հիման վրա, կարող են վայրկյանների ընթացքում բոլորովին նոր պատկերներ ստեղծել: Այն նաև հնարավորություն է տալիս արհեստական բանականությամբ ստեղծված պատկերները խմբագրել՝ օգտագործելով հազարավոր սթիքերներ, գործիքների, ֆիլտրեր, տառատեսակներ։