Կոմպոզիտոր էդգար Գյանջումյանը, ով Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենն է, իր մոտ է հրավիրել մի քանի ծնողների և հրահանգել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձայնը տալ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Բեգլարյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա Ազգային Ժողովի ընտրություններին թիվ 4 ընտրատարածքից: Մեզ հասած տեղեկություններով` կոմպոզիտորը հորդորել է ծնողներին՝ իրենց կողմից 5-ական ձայն ապահովել Բեգլարյանի համար։ Ահազանգող ծնողները նշել են նաև, որ դպրոցի տնօրենը խոստացել է, որ ընտրության նախօրերին դրա դիմաց 20 հազարական դրամ կստանան՝ յուրաքանչյուր քվեի դիմաց։
Էդգար Գյանջումյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքեց այդ ամենը՝ նշելով, որ դրանք ապատեղեկատություն են․ «Չէ, նման բան չկա, սուտ ա, դուք ինձ ճանաչում եք երևի, ես ընդհանրապես այդպիսի հրահանգ չեմ տվել»։
–Իսկ ինչո՞ւ են ծնողները նման բան ասում։
Ես չգիտեմ, չեմ կարող ասել։
–Ձեր դե՞մ է ուղղված այդ ամենը։
– Չեմ կարող ասել, բայց ես հաստատ, գիտեք, սուտ չեմ խոսում։
–Ասում էին՝ 20 հազար դրամ եք խոստացել մեկ ձայնի դիմաց։
– Դա արդեն զրպարտանք ա, էդ ի՞նչ թյուրիմացություն ա, ծնողը թող գա աչքերիս մեջ նայի և ասի դրա մասին, ինչի՞ մասին է խոսքը։
–Այսինքն՝ Ձեր դպրոցի երեխաների ծնողներն ուզո՞ւմ են Ձեզ զրպարտել։
– Չեմ կարծում։
–Բա այդ դեպքում պատճառը ո՞րն է այս ահազանգի։
-Գիտեք ինչ, արդեն 20 տարի ա ես բազմաթիվ հարցազրույցներ եմ տվել, ոչ մի անգամ ինձ հետ նմանատիպ նոտաներով չեն խոսում, ոնց որ հիմա դուք եք ասում, տարբեր ձևերով, հարցերով, միշտ ես իմ ժողովրդին ծառայել եմ իմ արվեստով և պատրաստվում եմ արվեստով էլ ծառայել։
–Ընտրություններին ինչ-որ ուժի սատարելո՞ւ եք, ի՞նչ դերակատարություն եք ունենալու։
– Ոնց որ իմ դերակատարությունը արվեստի մեջ ա, միշտ էլ արվեստի մեջ ա լինելու, քաղաքականությամբ չեմ զբաղվում։