
Այսուհետ քաղաքացիները մեքենայի տեխզննում չեն կարող կատարել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն: Թեմային ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Գործընթացն ընթանում է, բայց ցուցանիշներն այդքան գոհացնող չեն: Այս պահին 166 հազար մեքենա է այդ գործընթացով անցել, մոտ 62 հազար մեքենա հերթագրման պրոցեսի մեջ է:
Փոփոխությունն արել ենք, փետրվարի 25-ից կմտնի ուժի մեջ, և տեխզննում չեն կարող անցնել այն մեքենաները, որոնց վրա կա տեղադրված գազաբալոնային համակարգ: Մեքենաները պետք է նախ ստուգեն իրենց գազաբալոնային համակարգը, որից հետո միայն կարող են տեխզննման կայանում մյուս ստուգումներն անցնեն»,- ասաց Սանոսյանը:
Նա նշեց նաև, որ 166 հազար մեքենայի ստուգման արդյունքում 4800 բալոն է խոտանվել: