
Սույն թվականի փետրվարի 8-ին հատուկ չվերթով Թուրքիա և Սիրիա մեկնած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը շարունակում են աշխատանքներ իրականացնել Թուրքիայի Ադիյաման և Սիրիայի Հալեպ քաղաքներում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ադիյաման քաղաքում հայկական թիմի կողմից ծավալվել է տեղակայման բազա և տարբեր տեղամասերում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։
Հալեպ քաղաքում չորս տեղամասերում փրկարարներն իրականացրել են իրավիճակի գնահատում, իսկ մեկ տեղամասում որոնողական աշխատանքները շարունակվում են երկու հերթափոխով․ աշխատանքներում ներգրավված է նաև կինոլոգիական խումբը՝ հատուկ վարժեցված շնով։