Պեմզաշենում 31-ամյա Զարինեի և նրա երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանին ընտանիքը հայրը ճանաչել է որպես համագյուղացի, սակայն նրա հետ շփում չի ունեցել, իսկ մեղադրյալ Արկադի Բարսեղյանի հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2022թ նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. սեփական տանը հայտնաբերվել է 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա երկու երեխայի մարմինները։ Սպանությունը եղել է առանձնակի դաժանությամբ, իսկ երեխաներից մեկի՝ 12 տարեկան աղջիկա նկատմամբ նաև սեռական բռնություն է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել են Վրույր և Արկադի Բարսեղյանները։
Ի սկզբանե բարձրաձայնվել էր Վրույր Բարսեղյանի հոգեկան հիվանդություն ունենալու հանգամանքը, սակայն, ինչպես արձանագրվել է նրա նկատմամբ իրականացված դատահոգեբանական-դատահոգեբուժական փորձաքննությամբ՝ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ, արձանագրվել է, որ նա գիտակցել է կատարվածը։
Վարույթի շրջանակներում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունը դեռևս չի ստացվել, իրավապահները նաև զերծ են մնում մանրամասնելուց, թե արդյո՞ք ստացված եզրակացություններով հաստատվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բռնությունը Վրույր Բարսեղյանի կողմից է եղել։ Մասնավորապես, ՀՀ ք ննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ վարույթով նախաքննության ընթացքում նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ, դատակենսաբանական փորձաքննություն, դատագենետիկական փորձաքննություններ, դատահետքաբանական փորձաքննություն, դատամատնադրոշմային փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ամբողջությամբ դեռևս չեն ստացվել։
Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ վարկածներ են առաջ քաշվել, ի վերջո, որն է եղել տուն մուտք գործելու շարժառիթը, արդյո՞ք նախապես ստուգել էին՝ բնակիչները տանն են, թե ոչ, վարույթն իրականացնող մարմինը որքանով է արժանահավատ համարում մեղադրյալի պնդումները, թե իբրև գողություն կատարելու համար են մուտք գործել, ինչպես նաև՝ խնդրել էինք հայտնել, թե ինչպե՞ս է դրսևորվել Արկադի Բարսեղյանի մասնակցությունը՝ դեպքին, քանի որ սպանությունների ժամանակ ցուցաբերված առանձնակի դաժանությունը վերագրվել է Վրույր Բարսեղյանին։ Նշված հարցադրումներին, սակայն, վարույթն իրականացնող մարմինը չի պատասխանել՝ հղում կատարելով նախաքննության գաղտնիությանը։
Նշենք, որ Արկադի Բարսեղյանի պաշտպանը պնդում է, թե Արկադին դեպքի վայրում ընդհանրապես չի եղել, ինչի առնչությամբ էլ վարույթն իրականացնող մարմնից հետաքրքրվել էինք, թե ինչ գործողություններ են իրականացվել՝ հնարավոր այլուրեքությունը ստուգելու համար, արդյոք ՕՀՄ-ներ իրականացվում են, թե ոչ։ Այսպես, ՔԿ-ից հայտնել են, որ Արկադի Բարսեղյանի այլուրեքությունը ստուգելու համար վարևույթն իրականացնող մարմնի կողմից հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, իրականացվել են վարութային բազմաթիվ այլ գործողություններ։
«Քրեական վարույթով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին՝ վարույթի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու վերաբերյալ։ Այդ նպատակով հետաքննության մարմնի կողմից իրականացվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- նշել են ՔԿ-ից։
Ինչ վերաբերում է տուժող Սևակ Մելիքսեթյանի և մեղադրյալների փոխհարաբերություններին, ՔԿ-ից նշել են, որ Սևակ Մելիքսեթյանը մեղադրյալ Վրույր Բարսեղյանին ճանաչել է որպես համագյուղացի, սակայն նրա հետ շփում չի ունեցել, իսկ մեղադրյալ Արկադի Բարսեղյանի հետ գտնվել է նորմալ հարաբերություններում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։