Այսօր վերջին տասնամյակների կտրվածքով անհավանական լուր ստացվեց. Ոստիկանության բաժնում ծեծել են իրենց մասնագիտական պարտքը կատարող փաստաբանների:
Լուրը տարածվելուց րոպեներ անց Փաստաբանների պալատը հաղորդագրություն տարածեց. «Ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեության իրականացման ժամանակ փաստաբաններին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու միջադեպի կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը հրավիրում է մամուլի ասուլիս»:
Ասուլիսին մասնակցում էին ծեծված փաստաբաններ Էմմանուել Անանյանն ու Մարզպետ Ավագյանը, նրանց ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը, Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ու Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը:
Ասուլիսի սկզբում Սիմոն Բաբայանը հաստատեց՝ փաստաբանների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, նրանց հայհոյել են ու խոչընդոտել վերջիններիս մասնագիտական գործունեությունը: