WhatsApp մեսենջերը շուտով կունենա նոր գործառույթ, որը թույլ կտա ձայնային հաղորդագրությունները վերածել տեքստի: Այս պահին այս գործառույթի մասին հիշատակումներ կան iOS սարքերի համար նախատեսված WhatsApp 23.3.0.73 բետա տարբերակում։
Ինչպես տեղեկացնում է Wabetainfo.com-ը, հաղորդագրությունները տեքստի վերածելու ֆունկցիա ստեղծելու մտադրության մասին WhatsApp-ի մշակողներ հայտարարել էին դեռ 2021 թ․։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս գործիքի մշակումն անհայտ պատճառներով կասեցվել է։ Ըստ երևույթին, այժմ այս գործառույթի վրա աշխատանքը վերսկսվել է, քանի որ այդ մասին կրկին հիշատակվում է iOS հավելվածի բետա տարբերակում:
Նոր գործառույթը դեռ մշակման փուլում է և հայտնի չէ, թե երբ այն կարող է հասանելի դառնալ հանրությանը: WhatsApp-ի ներկայացուցիչները նոր ֆունկցիայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չեն արել։
Այդուհանդերձ, որոշ օգտատերերի հաջողվել է հավելվածի ինտերֆեյսում գտնել պատուհան, որտեղ բացատրություն է հայտնվում, երբ ձայնը տեքստի վերածելու գործառույթը հասանելի չէ։ Օրինակ՝ հավելվածը չի կարող դա անել, եթե այն չի ճանաչում արտասանված բառերը կամ եթե անհրաժեշտ լեզվական փաթեթը բացակայում է հավելվածից: Ձայնը տեքստի վերածելու գործընթացը կատարվում է լոկալ՝ օգտատիրոջ սարքի վրա՝ շնորհիվ լեզվական փաթեթների, որոնք պետք է առանձին ներբեռնել:
Նաև նշվում է, որ մշակման ընթացքում տվյալները չեն փոխանցվում երրորդ կողմի սերվերներին, ուստի օգտատերերի տեղեկությունների գաղտնիությունը չի խախտվում։
WhatsApp-ը վերջերս մի շարք նոր գործառույթներ է ավելացրել։ Հավելվածի բետա տարբերակում գործարվել էր նոր գործառույթ, որի շնորհիվ մեկ օգտահաշիվը կարող է օգտագործվել մի քանի սարքից։
Ավելի ուշ անցած տարվա աշնանը մեսենջերը գործարկել էր մեկ այլ գործառույթ, որի շնորհիվ օգտատերերը WhatsApp-ում այժմ կարող են հաղորդագրություններ ուղարկել իրենք իրենց։ Հավելվածում փորձարկվում է նաև մեկ այլ գործառույթ՝ Picture-in-picture-ը, որը տեսազանգերի համար թույլ է տալիս օգտվել այլ հավելվածներից։
Այս տարվա հունվարի մեսենջերը հայտարարեց, որ 2023-ի ընթացում կգործարկվեն մի շարք նոր գործառույթներ, ինչպիսիք են տվյալների փոխանցումը Android սարքերի միջև, գրառումների վերաբերյալ բողոքները, անհետացող հաղորդագրությունների պահպանումը, WhatsApp-ին միացում պրոքսի սերվերով, ջնջված հաղորդագրությունների վերականգնումը և այլն։